11:02 29 մայիսի, 2017Մի քանի օր Քիմ Քարդաշյանը լուռ էր՝ մեդիա տարածքը զիջելով ավագ քրոջը՝ Քորթնի Քարդաշյանին, ով Կաննում հայտնվել էր նոր սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ:
Եվ ահա Քիմը վերադարձել է. 36-ամյա հայուհին մասնակցել է Watch What Happens Live with Andy Cohen շոուին, որտեղ, ինչպես վստահեցնում է հենց Էնդի Կոհենը, Քիմը պատասխանել է բացառապես բոլոր հարցերին, որոնք նրա հետ նախապես չէին քննարկվել:

Հաղորդավարի հարցին, թե ինչպե՞ս է Հոլիվուդում ապրող եւ շոու բիզնեսի աստղ համարվող Քարդաշյանների գերդաստանին հաջողվում խուսափել ալկոհոլից ու թմրանյութերից, Քիմը պատասխանել է.
«Դրանում հորս ներդրումը կա: Երբ ես 14 տարեկան էի, նա ինձ սովորեցրեց մեքենա վարել: Այն ժամանակ բջջայիններ չկային, եւ ես Քորթնիին ու Քլոեին տանում էի երեկույթների եւ միշտ նրանց հետ էի, հետեւում էի նրանց, որովհետեւ այդ պատասխանատվությունը դրված էր ինձ վրա: Հորս ազդեցությունը եւ այն, որ նա ինձ սովորեցրել է պատասխանատու լինել, հիմնական պատճառն է, որը մեզ թույլ չի տվել ներքաշվել մութ գործերում: Քլոեն ինչ-որ ժամանակ խմում էր, բայց արագ հրաժարվեց: Իսկ թմրանյութերով երբեք չենք տարվել»:
Այնուհետեւ հաջորդել է Փերիս Հիլթոնի հետ հարաբերությունների մասին հարցը, ում հետ Քիմը կապերը խզել էր վեց տարի առաջ: «Փերիսի հետ մենք հաշտվել ենք: Հիմա ես նրա հետ շփվում եմ»,- պատասխանել է Քիմը:

Հարցին, թե ինչպե՞ս է Քանյեն վերաբերվում Քիմի հրապարակային լինելուն, նա անկեղծորեն պատասխանել է. «Քանյեն հրապարակայնություն չի սիրում: Այո՛, նա ստիպված է ներկայանալ հանրությանն այն պատճառով, որ հայտնի է եւ որ այդպիսի կարիերա է ստեղծել, նա ստիպված է տուրք տալ հանրությանը:
Բայց դա նրան դուր չի գալիս, նա ներփակված է, իսկ ես՝ հակառակը, շատ բաց եմ եւ ինձ միշտ գրավել է հանրությանը ներկայանալու հանգամանքը: Սրանք երկու ծայրահեղություն են, բայց վերջին իրադարձությունները (Քիմը նկատի է ունեցել Փարիզում իրեն կողոպտելու դեպքը - խմբ.) փոքր-ինչ փոխեցին մեր դիրքորոշումները: Այն ժամանակ ես պարփակվեցի, իսկ Քանյեն սկսեց դրսեւորվել մեդիադաշտում: Մենք շատ էինք խոսում, ես ոչ մի հրապարակային դրսեւորում չէի ցանկանում, աստիճանաբար մենք գտանք ոսկե միջինը, նա դարձավ ավելի բաց, ես՝ մի քիչ ավելի զուսպ»: