Երեւանյան ազդ. Ի՞նչ դիտել, լսել եւ ուր գնալ Երեւանում

15:05   29 մայիսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել մեր քաղաքի հետաքրքիր իրադարձությունները: Եվ այսպես՝ փոքր-ինչ կրկնվելու ենք, բայց որոշ միջոցառումներ արժեն, որ դրանց մասին հիշեցնենք:

Եվ այսպես...

Մայիսի 29-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան, որին ներկա կգտնվի Շառլ Ազնավուրը: Բալետի երաժշտության հեղինակը հենց մաեստրոն է: Դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Տաթեւիկ Գրիգորյանը, Անդրանիկ Աբովյանը, Կարինա Շիկանյանը:

Մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա իսրայելցի ջազ երաժիշտ Ավիշայ Քոհենը՝ իր տրիոյի հետ, որի կազմում ներառված են Իտամար Դոարը (հարվածային գործիքներ) եւ Օմիր Մորը (դաշնամուր):

Իսկ հունիսի 1-ին եւ 2-ին օպերայում կկայանա «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը: Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը եւ այլք կկատարեն շանսոնյեի ստեղծագործությունները: Համերգի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ այս համերգին նույնպես Ազնավուրը ներկա կգտնվի:

Ռուսաստանցի հայտնի երաժիշտ, գործարար, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիրներից Վլադիմիր Ավետիսյանը եւ D’Black Blues Orchestra-ն Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակի առիթով հունիսի 3-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ներկայացնելու են բլյուզային մեգա շոու: Խմբի հետ երեւանյան բեմում հանդես կգա ամերիկացի բլյուզ երգիչ Մոնիկա Գրինը:
D'Black Blues Orchestra խմբի կազմում հանդես կգան երաժիշտներ Իսպանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից:

Հունիսի 3-ին, հավանաբար, ստիպված կլինեք նաեւ որեւէ բարում տեղ գտնել՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Յուվենթուս»-«Ռեալ» խաղը դիտելու համար:

Եվ չմոռանաք, որ հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում մեզ սպասում է Թիմաթիի անվճար համերգը:



© NEWS.am STYLE