«Թե ինչ են կարծում մյուսներն իմ ոճի մասին, նրանց խնդիրն է». Այրիս Ափֆել՝ նորաձեւության 95-ամյա կուռքը

21:25   29 մայիսի, 2017

Ամերիկացի գործարար եւ դիզայներ Այրիս Ափֆելը, թերեւս, նորաձեւության ամենատարեց հետեւորդներից է: 95-ամյա կինը համարվում է նորաձեւության կուռք եւ իր օրինակով ոգեշնչում է մի շարք կանանց՝ անկախ տարիքից հետեւել նորաձեւությանը, լինել ոճային եւ միշտ խնամված՝ չվախենալով ստեղծված կարծրատիպերից եւ կողմնակի հայացքներից:

The Talks պարբերականին տված հարցազրույցում Այրիսը նշել է.

«Ինչո՞ւ պետք է մտահոգվեմ: Նորաձեւության ոստիկանությունը հաստատ չի ձերբակալելու ինձ: Ես սիրում եմ վառ գույները, բայց ես այդպես չեմ հագնվում ինչ-որ մեկի համար: Ես պարզապես ինձ այդ կերպարում ավելի լավ եմ զգում, հատկապես եթե այդ կերպ չեմ վիրավորել մայրիկիս կամ ամուսնուս: Թե ինչ են կարծում մյուսներն իմ մասին, նրանց խնդիրն է, ոչ թե իմ»:

Ափֆելը նշում է, որ չեզոք եւ պաստելային գույներն իրեն նյարդայնացնում են.

«Ես չէի կարող լինել իմ մայրիկի նման: Նա երբեք չէր հանդուրժի, որ ինչ-որ մազ նրա գլխի վրա ծուռ լիներ: Նա կատարյալ տեսք ուներ անգամ վաղ առավոտյան: Մայրս կատարելության սիրահար էր, իսկ ես պարզապես լողում եմ հոսանքին համընթաց»,-նույն պարբերականին տված հարցազրույցում ասել է Այրիսը՝ համոզմունք հայտնելով, որ մարդը չի կարող սովորել լինել ոճային.

«Դա սովորելով չէ. ոճը պետք է լինի քո գեներում, այն, ըստ իս, ժառանգաբար է տրվում մարդուն»:

Հայտնի բիզնես-լեդին խոստովանում է, որ չի սիրում կանխատեսելի բաներ.

«Եթե ամեն օր իմանայի, թե ինչ եմ անելու տվյալ օրը, կգժվեի: Ես չեմ սիրում ծրագրեր կազմել, ինձ համար ամեն օրը տարբեր է: Ես հետաքրքրասեր եմ եւ սիրում եմ տարբեր փորձարկումներ անել»,-նշել է նա:

Այո, մինչ շատերը որոշակի տարիքից հետո ավելորդ են համարում հետեւել նորաձեւությանը եւ լինել խնամված, 95-ամյա այս կինն իր օրինակով շարունակում է ապացացուցել, որ կինն ու նրբագեղությունը միմյանցից անբաժան հասկացություններ են՝ անկախ նրանից 17 տարեկան ես, թե 95:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Այրիսի ամենավառ կերպարնրից մի քանիսը.



© NEWS.am STYLE