Հանրաճանաչ ջազկոնտրաբասահար Ավիշայ Քոենն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում

14:15   30 մայիսի, 2017

Իսրայելցի հանրաճանաչ ջազկոնտրաբասահար Ավիշայ Քոենը Երեւանում է․ երաժիշտն այստեղ առաջին անգամ հանդես է գալու համերգային ծրագրով: Այսօր` մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քոենը խոսեց առաջիկա համերգի մասին եւ ոչ միայն.

«Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ: Վերջին անգամ այստեղ եղել եմ 17 տարի առաջ»,-նկատեց աշխարհահռչակ երաժիշտը` անդրադառնալով նաեւ համերգի մանրամաներին.

«Համերգին կներկայացնեմ գրեթե իմ բոլոր սիրված ստեղծագործությունները, կլինեն նաեւ նոր ստեղծագործություններ։ Ինքս էլ դեռ չգիտեմ, թե ինչ կլինի բեմում, քանի որ հնարավոր է՝  ներկայացնեմ իմպրովիզներ»,-նշեց նա։

Ավիշայը, որը միշտ կենդանի նվագակցությամբ է հանդես գալիս, նշում է, որ երաժշտությունն իրեն ցանկացած վիճակում հոգեհարազատ է․

«Լինի դա կենդանի նվագակցություն, թե ձայնագրված երաժշտություն, ես երկուսն էլ սիրով եմ լսում։ Ձայնագրման գործընթացն էլ ինքնին շատ հետաքրքիր է»։

Ավիշայ Քոենի երեւանյան համերգը կկայանա մայիսի 31-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նրա հետ բեմի վրա են լինելու նաեւ Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) եւ Օմրի Մոռը (դաշնամուր):

Սյունե Առաքլյան



© NEWS.am STYLE