10 ամենասպասված ամառային բլոքբաստերները. մաս 1

16:33   1 հունիսի, 2017

Ամառը համարվում է տարվա ամենասիրված եղանակը, հատկապես՝ Հոլիվուդյան ստուդիաների: Հենց այս ժամանակահատվածում են էկրաններ բարձրանում տարվա ամենասպասված ֆիլմերը՝ այսպես կոչված բլոքբաստերները (ֆիլմեր, որոնց վրա ահռելի գումարներ և ռեսուրսներ են ներդրվել): Երկար-բարակ չխոսենք… անդրադառնանք ֆիլմերին:

«Հրաշք կին» սուպերհերոսուհու մասին պատմող ֆիլմը կարող ենք դիտել արդեն հունիսի 1-ից: Ֆիլմը հիմնված է DC-comics քոմիքսների միանուն կերպարի վրա և մտնում է Warner Bros.-ստուդիայի DC-ի կինոաշխարհի մեջ:

Գլխավոր դերերում են Գալ Գադոտը, Քրիս Փայնը: Ֆիլմի սյուժեն մեզ պատմում է Դիանա արքայադստեր մասին, ով բնակվում է Թեմեսքիրա կղզում, որտեղ բնակվում են միմիայն կանայք (Ամազոնուհիներ): Մի օր նրանց կղզում հայտնվում է տղամարդ, որը պատմում է,  որ այս կղզուց այն կողմ աշխարհում սարսափելի պատերազմ է ընթանում (առաջին համաշխարհայինը) և Դիանան որոշում է օգնել մարդկությանը:

Հունիսի 1-ից կարող ենք  դիտել նաև հանրաճանաչ «Մալիբուի փրկարարները» սերիալի համանուն ֆիլմը: Այն, ճիշտ է, կատակերգություն է, բայց պետք է զգուշացնեմ, որ նա ունի R վարկանիշ (ամերիկյան վարկանիշ ֆիլմերի համար, որը խորհուրդ չի տալիս դիտել այն մինչև 17 տարեկան անձանց):

Գլխավոր դերերում են Դուեյն (Ժայռ) Ջոնսոնը, Զաք Էֆրոնը և ուրիշներ: Ըստ սյուժեի՝ Խաղաղ օվկիանոսի փրկարարները Միթչի գլխավորությամբ և նորեկ Մեթթի աջակցությամբ զբաղվում են իրենց առօրյա գործերով, երբ մի օր լուր են ստանում, որ մեծ նաֆթային ընկերությունը ուզում է ոչնչացնել իրենց սիրելի լողափը: 

Հունիսի 8-ին մեզ հնարավորություն է ընձեռվում դիտել «Մումիա» ֆիլմը, որը հանդիսանալու է Universal ստուդիայի «Մռայլ աշխարհ» կինոաշխարհի սկիզբը (այս աշխարհում են լինելու նաև  Դրակուլան, Ֆրանկենշտեյնը, Անտեսանելի մարդը և այլն):

Գլխավոր դերերում են Թոմ Քրուզը, Սոֆյա Բոութելլան: Ֆիլմը մեզ պատմելու է անապատում թաղված եգիպտական փարավոնի աղջկա մասին: 

Ի ուրախություն մանուկների, հունիսի 15-ից կարող են  դիտել «Ավտոմեքենաներ» մուլտֆիլմի 3-րդ մասը: Փիքսար ստուդիայի հիանալի մոլտֆիլմերի շարքը կհամալրվի նաև այս մուլտֆիլմով:

Գլխավոր դերեում են Օուեն ՈՒիլսոնը, Քրիսթելա Ալոնզոն և ուրիշներ: Սյուժեի համաձայն՝ Կայծակ Մաքքուինը շարունակում է ավտոմեքենաների մրցավազքի լեգենդ լինել, սակայն նրա առջև նոր փորձություններ են առաջ գալիս, որոնք պետք է հաղթահարվեն ոչ միայն արագության օգնությամբ:

ՈԻզու՞մ եք դիտել, թե ինչպես են հսկա ռոբոտները իրար հետ մարտնչում (բազար անում), ապա հունիսի 22-ից կարող եք վայելել «Թրանսֆորմերներ 5. վերջին ասպետը»  ֆիլմը:

Այս անգամ «Թրանսֆորմերներ» ֆիլմերի ռեժիսոր Մայքլ Բեյը մեզ կգցի անավարտ էքշնի մեջ (ինչպես միշտ), որտեղ այլմոլորակային ռոբոտների հետ մեկտեղ մի սյուժետային թավայի մեջ կեփվեն նացիստական Գերմանիան, Արթուր արքան և նրա կլոր սեղանի ասպետները,  և… Այո, սա ֆիլմի սյուժեն  է, որն ընդհանրապես հասկանալի չէ, բայց աչքերի համար ուրախությունն ապահովված է:

 

Շարունակելի…



© NEWS.am STYLE