11:05 1 հունիսի, 2017Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը. տոն, որի ժամանակ նույնիսկ մեծահասակներն են մանկանում, ինչպես օրինակ՝ «Երանի» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Իրինա Այվազյանը, որը հանուն NEWS.am STYLE-ի ֆոտոշարքի, կրկին դարձավ մանուկ ու վերհիշեց իր մանկության ամենաջերմ դրվագներն ու խաղալիքները:
Շնորհավորում ենք մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ եւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր դրական ու վառ ֆոտոշարքն ու հարցազրույցը՝ Իրինա Այվազյանի հետ։

«Մանկությունս անցել է Երեւանում: Ճիշտն ասած՝ շատ խոզ երեխա եմ եղել: Օրինակ՝ խաղալիքներս չէի սիրում ուրիշներին տալ: Լացկան ու շատ լաչառ երեխա եմ եղել»,-անկեղծանում է Իրինան՝ վերհիշելով իր մանկության ամենածիծաղելի դրվագներից մեկը.

«Մայրիկս պատմում է, որ փոքր ժամանակ, երբ լողանում էի, բաղնիքից դուրս էի գալիս ու մորաքրոջս հարցնում էի. «Մորքուր, «հույո՞ւն» եմ», ինչն այն ժամանակվա իմ լեզվով նշանակում էր՝ սիրո՞ւն եմ»,-ասում է դերասանուհին՝ հավելելով.
«Փառք Աստծո՝ մանկությունից դառը հիշողություններ չունեմ: Մանկությունս շատ ուրախ է անցել»:
Այսօր Իրինայի լուսանկարները նայելիս շատերը կարծում են, թե դերասանուհին պլաստիկ միջամտությունների է դիմել գեղեցիկ եւ արտահայտիչ շուրթեր ունենալու համար, սակայն Իրինան դեռ վաղ հասակից է փայլել իր ընդգծված դիմագծերով.
«Մայրիկս ասում է՝ երբ ծնվել եմ, դեմքիս առաջնահերթ շուրթերս ու մեծ կապույտ աչքերս են նկատվել (ծիծաղում է)»:
Փոքր տարիքում Իրինան տարբեր հետաքրքրություններ է ունեցել.
«Տիկնիկներով էլ եմ խաղացել, ավտոմեքենաներով էլ: Խաղեր էի շատ սիրում խաղալ: Մեր ընկերական շրջապատում պահմտոցի էինք խաղում, բայց պետք է մի սենյակում փակվեինք, լույսն անջատեինք ու միայն այդ մեկ սենյակի մեջ թաքնվեինք:
Նաեւ խաղում էի հալամուլա, հեծանիվ էի սիրում քշել…Ես ավելի շատ տղաների հետ էի խաղում ու մինչեւ հիմա էլ նախընտրում եմ ավելի շատ շփվել տղաների հետ: Կարծում եմ՝ նրանք ավելի անկեղծ են»,-ասում է նա՝ խոստովանելով, որ փոքր տարիքից է երազել դերասանուհի դառնալու մասին:

Իրինայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու է որոշել մեր ֆոտոշարքին ներկայանալ դեղին գետաձիուկի հետ.
«Այս գետաձիուկին նվեր եմ ստացել, երբ դեռ 10 տարկան էի: Ամենամոտ ընկերներս են նվիրել, նրանց հետ մինչ օրս ընկերություն եմ անում: Այսօր որոշեցի նրան ինձ հետ բերել, որովհետեւ նախ՝ ամենալավը նա էր պահպանվել իմ խաղալիքներից, հետո իսկապես շատ եմ սիրում այս եւ մյուս բոլոր խաղալիքներս»:
Համեմատելով իրեն ներկայիս երեխաների հետ՝ դերասանուհին նշում է.
«Շատ մեծ է տարբերությունը: Ես, միգուցե, տարիքով այդքան էլ մեծ չեմ, բայց փոփոխությունն այս տարիների ընթացքում իսկապես մեծ է: Ես մինչեւ 16 տարեկանս դրսում եմ խաղացել, նույնիսկ տիկնիկներով եմ խաղացել այդ տարիքում, իսկ հիմա նկատում եմ, որ երեխաներն արեւածաղիկ են ուտում եւ զբոսնում, ամբողջ օրը հեռախոսով են զբաղված… Կարծում եմ՝ այսօր մեր երեխաներին պակասում է այդ մանկությունը: Կցանկանայի, որ ավելի շատ մանուկ լինեին, որ հետագայում էլ հիշելու շատ բաներ ունենային: Մաղթում եմ, որ բոլորն անկախ տարիքից՝ լինեն երեխա, օրինակ՝ հիմա ես ինձ 10 տարեկան եմ զգում»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Նարեկ Տ. Պ.