Մասնագետի խորհուրդները. ի՞նչ անել ժամկետանց կոսմետիկան

19:14   6 ապրիլի, 2013

Երբեմն որքան դժվար է բաժանվել սիրելի սեւաներկից, շրթներկին, դիմափոշուց: Հատկապես, երբ դրանց համար մի ամբողջ կարողություն ես վատնել, իսկ ժամկետը լրանում է: Շատ կանայք կարծում են, որ ժամկետանց կոսմետիկայի օգտագործումը ոչ մի վնաս չի հասցնի: Բայց դա ամենեւին էլ այդպես չէ: Մանրամասների մասին մեզ կպատմի երեւանյան կոսմետոլոգ Մարինե Հովսեփյանը:

«Յուրաքանչյուր կոսմետիկ միջոց, անկախ գնից եւ որակից, օգտագործման ժամկետ ունի: Եվ երբ լրանում է, պետք չէ այն գործածել: Եթե ափսոսում եք ծախսած գումարը կամ սիրում եք հենց այդ կոսմետիկան, իսկ այլեւս չեք կարողանում նորը գտնել, ապա, հավատացեք, ավելի դժվար կլինի պայքարել ալերգիկ ցանի կամ մաշկի գրգռվածության դեմ: Պետք չէ ափսոսալ կոսմետիկայի մնացորդը, ձե՛զ խղճացեք:

Ցանկացած միջոց կարելի է պահպանել առավելագույնը երեք տարի: Իսկ ջրային հիմքով բնական միջոցները՝ ավելի քիչ. 1 կամ 1.5 տարի: Այդ ժամկետը լրանալուց հետո ջուրը գոլորշիանում է, իսկ մյուս բաղադրիչները փոխում են կառուցվածքը:

Եվս մեկ հանգամանք: Որոշ սեւաներկեր կամ կրեմներ կարելի է գործածել որոշակի ժամանակահատվածում՝ տուփը բացելու պահից սկսած: Օրինակ, կնճիռների դեմ կրեմի ժամկետայնությունը 2 տարի է, բայց արդեն բացված տուփը կարելի է օգտագործել միայն 12 ամսվա ընթացքում:

Հարկ է հիշել, որ կոսմետիկ միջոցները հարկավոր է պահել ճիշտ տեղում. այնտեղ, ուր արեւի ուղղակի ճառագայթներ չեն ընկնում: Բայց եւ սառնարանում ոչինչ պահել պետք չէ: Լավագույն տարբերակը պահարանի դարակն է կամ զարդասեղանը, բայց՝ ստվերոտ հատվածը»:



© NEWS.am STYLE