«Մենք բազմիցս ելույթ ենք ունեցել Արցախում, պատրաստ ենք նոր համերգների». D’Black blues Orchestra խմբի ղեկավար

15:58   2 հունիսի, 2017

Վլադիմիր Ավետիսյանն ու D’Black blues Orchestra-ն վաղը՝ հունիսի 3-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում աննախադեպ բլյուզային մեգաշոու են ներկայացնելու՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակին: Հենց Երեւանում կկայանա The Anthology of Blues նոր շոուի պրեմիերան:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբի ղեկավար Վլադիմիր Ավետիսյանը նշեց, որ վաղվա համերգային ծրագիրը խմբի անցած ուղու ինքնատիպ ստեղծագործական հաշվետվություն կլինի:

«Դա երաժշտության փոփոխության մեր տեսլականն է, մեր ներդրումը»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ խմբի անդամները տարբեր երկրներից երաժիշտներ են՝ Աֆրիկայից մինչեւ Եվրոպա, որոնցից յուրաքանչյուրը կատարման մեջ իր հոգու մի մասնիկն է ներդնում, այդ պատճառով վաղվա համերգին կներկայացվի ամբողջ բազմազգ կոլորիտը:

Համերգային ծրագրում ներառվել են բլյուզ, ռոք-բլյուզ եւ ռեգգի ոճի հիթեր:
«Դրանք հայտնի ստեղծագործություններ են: Մենք մանրակրկիտ ընտրություն ենք կատարել, որպեսզի լիարժեք ներկայացնենք բեմ բարձրացող 14 երաժիշտների պոտենցիալը»,- հայտնեց նա:

«Ավելին պատմել չեմ կարող, կարող եմ երգել, սուլել, բայց, կարծում եմ, ավելի լավ է՝ վաղը գաք ու լսեք երաժիշտներին»,- կատակեց երաժիշտը: Նա, միաժամանակ, հավելեց, որ հայկական «անակնկալներ» կլինեն: Մասնավորապես, կհնչի հայկական դուդուկ։ D’Black blues Orchestra-ի ավանդույթի համաձայն՝ համերգի վերջում ելույթ կունենա մանկական երգչախումբ: Ելույթ կունենա նաեւ ամերիկացի հայտնի բլյուզ երգչուհի Մոնիկա Գրինը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք կարելի՞ է խմբի ելույթն ակնկալել նաեւ Առաջին Հանրապետության 100-ամյակին, Ավետիսյանը նշեց, որ դա մեծ պատիվ կլինի, որին պետք է արժանանալ: Այս համերգով խումբը կփորձի շահել հանդիսատեսի համակրանքն ու խմբին կրկին տեսնելու ցանկության արժանանալ:

Նա նշեց, որ D’Black blues Orchestra խումբը բազմիցս ելույթ է ունեցել Արցախում, հետագայում նույնպես անպայման կընդունի հրավերները:


«Մենք բազմիցս ելույթ ենք ունեցել այնտեղ, նույնիսկ մեր ֆան-ակումբն ունենք: Պատրաստ ենք ցանկացած պահի նոր հրավեր ընդունել: Դա խմբի սկզբունքային մոտեցումն է. մենք այնտեղ չենք գնում՝ ինչ-որ մեկին հակառակ, այդ տարածք չենք մեկնում քաղաքական նպատակներով: Այնտեղ մարդիկ են ապրում, երեխաներ են ծնվում, հանդիպում են ու սիրահարվում, կյանքն ընթանում է իր հունով, եւ քաղաքական խնդիրների պատճառով մարդիկ չպետք է տուժեն»,- ասաց Ավետիսյանը:

Նանա Վահրամյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE