Անժելիկա Ալֆերովա-Հարությունյանն ու նրա Հայաստանը. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

20:11   6 ապրիլի, 2013

Երգչուհի եւ պրոդյուսեր Անժելիկա Ալֆերովա-Հարությունյանի հետ մեր հանդիպումը կայացավ «…Yans» ակումբում, աղմուկ հանած երեւանյան Jazz Parking համերգից մի քանի ժամ առաջ: Քանի որ արտիստները լարված պատրաստվում էին երեկոյան ելույթին, նաեւ՝ եղանակը պարզապես հիանալի էր, մենք որոշեցինք տեղափոխվել ակումբին հարակից այգի:

Անժելիկա, նկատել եմ, որ Դուք միշտ մուգ գույնի հագուստ եք հագնում: Դա սովորությո՞ւն է, նախապատվությո՞ւն, թե՞ ջազային տրամադրություն:

Գիտեք, ես բացարձակ ճերմակ փուլ եմ ունեցել: Նաեւ շատ լուսանկարներ ունեմ Jazz Parking-ից, որտեղ ճերմակով եմ: Հակադրություններ կյանքում շատ չեմ սիրում, փոփոխություններ՝ նույնպես: Իսկ երբ դրանք իմ կյանքում պատահում են, ես փոխակերպվում եմ այլ գույնի: Բայց դա չի նշանակում, որ եթե սեւ հագուստով եմ, ուրեմն ինձ մոտ ամեն ինչ վատ է: Ես շատ եմ սիրում այս գույնը: Նույնիսկ ինչ-որ մեկն ինձ մի անգամ ասաց, որ այն հայկական է (ծիծաղում է):

Այո, ընդհանրապես համարվում է, որ սեւը հայուհիների սիրելի գույնն է: Ի դեպ, հայկական թեմայի մասին: Ես տեսել եմ համացանցում գտնվող Ձեր բոլոր հարցազրույցները, բայց դրանցից ոչ մեկը Ձեր հայկական արմատների մասին չէ:

Ես հաճույքով կխոսեմ Հայաստանի մասին: Դա իմ սիրելի թեմաներից է: Ցավոք, Ռուսաստանում այդ մասին այնքան հաճախ չեն հարցնում, որքան կցանկանայի:

Ձեր հայրը հայ է, ծնունդով Ստեփանավանից: Կպատմե՞ք նրա մասին:

Գիտեք, իմ հայրն իսկական հրճվանք է: Ես նրան երգիծական դերասան եմ անվանում, որովհետեւ գիտեմ. կինեմատոգրաֆը շատ բան է կորցրել, որ հայրս այդ մասնագիտությունը չի ընտրել: Հայրս շատ ուրախ եւ դրական մարդ է, նա արդեն 71 տարեկան է, բայց ասում է, թե նոր է սկսում ապրել: Նա ապրում է Սարատով քաղաքում, բայց այնպես, ինչպես մի ժամանակ ապրել է Ստեփանավանում: Առաջվա նման սեփական տուն ունի, սկզբունքորեն չի փոխում շեշտադրությունը: Այդքան տարի անցկացնելով Ռուսաստանում՝ կարող է մաքուր ռուսերեն խոսել, բայց չի անում: Հակառակը, մեր բոլոր հարեւանները մի քիչ խոսում են՝ ինչպես Աբո քեռին:

Մեզ մոտ բակում միշտ խորովածի հոտ է գալիս: Եվ ամբողջական զգացողություն է առաջանում, որ նա Հայաստանում է: Երբ այցելում եմ հորս, տեսնում եմ ծաղկող բալենին, ծիրանենին, ընկույզի մուրաբա… Ամեն ինչ նույնը:

Փոքրիկ Հայաստան Սարատովո՞ւմ:

Այո, իսկապես: Եվ արդեն շատ տարիներ:

Իսկ այնտեղ Ձեր հայ ազգականներից այլ մարդիկ ապրո՞ւմ են:

Այո, ամեն ինչ՝ ինչպես հարկն է: Իմ երկու ավագ եղբայրները: Տատիկներն ու պապիկներն էին ապրում, բայց արդեն, ցավոք, հեռացել են:

Մանկության տարիներին Ձեզ Հայաստանի մասին պատմո՞ւմ էին:

Իհարկե: Եվ, գիտեք, ամենից պայծառ պատմությունները լսել եմ մորիցս: Երբ Հայաստանի մասին հայրս է խոսում, ով այնտեղ ծնվել է, նորմալ է: Բայց երբ մայրս, ամբողջությամբ ռուս կին՝ շիկահեր, կանաչ աչքերով, արցունքն աչքերին է խոսում Սեւանի, Երեւանի, Ստեփանավանի հանդեպ սիրո մասին, որտեղ ապրել է ավելի քան 5 տարի, կամքից անկախ մտորում ես, թե որքան շատ բան չգիտես եւ որքան բան չես տեսել… Նա միանման սիրում էր ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը: Նա ամեն ինչ կլանել էր: Իհարկե, այդ ամենը եկել է հորս հանդեպ սիրո հետ: Դա նրա Հայրենիքի հանդեպ սերն է:

Մայրս ֆանտաստիկ համեղ էր պատրաստում հայկական ուտեստները: Հայերեն այնպիսի արագությամբ էր խոսում, որ հայրս հաճախ մոտենում էր ավագ եղբորս՝ Անդրանիկին եւ ասում. «Անդրանիկ ջան, ասա՝ ի՞նչ ասաց նա: Ես այս կնոջ հետեւից չեմ հասցնում»:

Որո՞նք են Հայաստանի մասին առաջին հիշողությունները:

Առաջին անգամ ես այստեղ եղել եմ, երբ 1.5 տարեկան էի: Հիշողություններ, բնականաբար, չկան: Երկրորդ այցը 3 տարեկանում էր: Հիշում եմ, երբ Ստեփանավանում հարեւան հայ տղան ինձ տարավ իրենց տուն՝ դաշնամուր նվագելու: Այդտեղից էլ ծնվեց երաժշտության հանդեպ սերս: Մենք նրա մոտ շատ երկար մնացինք, որովհետեւ մայրս արդեն հասցրել էր հատուկ ծառայություն կանչել՝ երեխային փնտրելու համար: Իսկ ես հաճույքով դաշնամուր էի նվագում:

Նաեւ հիշում եմ, որ սարերում շատ ամպամած էր: Եվ հանկարծ զգացողություն էր առաջանում, որ կորել եմ ամպում, որ այն գալիս է ինձ վրա: Ահա, սրանք ամենից վառ հիշողություններն են այն ժամանակից, երբ ես 3 տարեկան էի:

Իսկ Հայաստանի տոնը տարբե՞ր է:

Իհարկե:

Մենք այն չենք զգում, իսկ Դո՞ւք:

Գիտեք, մինչեւ Jazz Parking-ը բացելը, 15 տարի որպես երգչուհի անցկացրել եմ համերգային շրջագայություններում: Եվ այնպիսի հեռուներում եմ եղել: Բայց, միեւնույն է, զգում եմ Հայաստանի հոտը: Չգիտեմ, գուցե դա արյան կանչ է, գենետիկ կապվածություն: Երբ 30 տարեկանից հետո նորից այցելեցի Հայաստան, դուրս եկա ինքնաթիռից եւ պարզապես ցնցվեցի այդ հոտից, այդ մթնոլորտից: Եվ միանգամից բռնկվեցի: Ինձ հետ ժամանած իմ ընկերները հարցնում էին. «Հարությունյան, քեզ ի՞նչ է պատահել»: Ի դեպ, հետաքրքիր է, որ ինձ սկզբունքորեն ոչ ոք Անժելիկա կամ նույնիսկ Ալֆերովա չի ասում: Բոլորի համար ես Հարությունյանն եմ: Ես մի քանի ժամ լաց էի լինում, խոսեցի հայրիկիս հետ: Նա ասաց, որ դա Հայաստանի օդն է, այն ոչնչի հետ չես կարող համեմատել:

Ես եղել եմ Կիպրոսում, Մալդիվներում, Դոմինիկյան հանրապետությունում, բայց ոչ մի տեղ նման զգացողություն չէր առաջանում:

Ի դեպ, ազգանվան մասին: Այն Ձեզ մոտ երկուսն է՝ Ալֆերովա-Հարությունյան: Իսկ ամեն դեպքում, Ալֆերովա՞ն է Ձեզանում ավելի շատ, թե՞ Հարությունյանը:

Անկեղծորեն ասեմ: Ես միանման սիրում եմ ե՛ւ Արարատը, ե՛ւ ռուսական կեչիները:

Facebook-ում Հայաստանից լուսանկար տեղադրելով՝ այն մակագրել եք. «Ես տանն եմ…»: Հայաստանը, Ձեր աչքերով, ինչպիսի՞ն է:

Իմը: Չեմ ցանկանում ոչինչ առանձնացնել: Ինձ կատաղեցնում է, երբ մարդիկ, ովքեր խառն ազգություն ունեն, ինձ ասում են. «Նստիր Ռուսաստանում, դու հայուհի չես»: Իսկ ես նույնիսկ վիրավորվում եմ, երբ ինձ ասում են, թե ռուս եմ:

Ընկերներս պնդում են, որ ես զբոսաշրջիկի սինդրոմ ունեմ: Եվ որ եթե Հայաստանում ապրեմ, կցանկանամ Ռուսաստան գնալ: Չգիտեմ… Ամուսնուս աշխատանքն այնպիսին է, որ չի կարող այն թողնել: Բայց եթե կարողանայի, կապրեի երկու երկրում էլ:

Երկքաղաքացիություն չունե՞ք:

Ոչ, բայց շատ եմ ուզում: Եվ գալուցս հետո արդեն սկսել եմ առաջին քայլերը ձեռնարկել:

Իսկ Ձեր դստերը՝ փոքրիկ Սոֆիային, պատրաստվո՞ւմ եք այստեղ բերել:

Այո, օգոստոսի 1-ին գալու ենք փոքրիկիս եւ հայրիկի հետ:

Ինչպե՞ս կարելի է այդքան սիրել երկիրը եւ չիմանալ լեզուն:

Դրա համար ես ինձ չեմ սիրում: Չնայած տանը բոլորը խոսում էին հայերեն, բայց ես այնքան էի ծանրաբեռնված անգլերենով եւ երաժշտությամբ (ես ջազով զբաղվում եմ 6 տարեկանից), որ կարծես չստացվեց արժանի ուշադրություն դարձնել հայերենին: Դա իմ հսկայական թերությունն է: Ծնողներս փորձել են ինձ հետ պարապել, բայց ինչո՞ւ այսպես ստացվեց՝ չգիտեմ: Բայց արդեն պայմանավորվել եմ, ապրիլի 5-ին իմ առաջին դասն է լինելու: Շատ մեծ հույս ունեմ, որ ինձ մոտ գենետիկ մակարդակում ինչ-որ բան կաշխատի եւ կկարողանամ արագորեն ըմբռնել հայերենը: Ցանկանում եմ նաեւ լեզվի, Հայաստանի պատմությունը սովորել: Բայց մյուս կողմից սուտ կլիներ պնդել, որ երբ կողքիս հայերեն են խոսում, ոչինչ չեմ հասկանում:

Jazz Parking-ը, այսինքն՝ երեխայիդ Երեւան բերելու երազանքը վաղո՞ւց կար: Եվ ինչո՞ւ միայն հիմա իրականացավ:

Ռուսաստանյան «Ձայն»-ից հետո, երբ մեր 5 հայերը (նրանցից 4-ը եկել են, բայց կա եւս մեկ հրաշալի երգչուհի՝ Լիա Սարգսյանը) կարողացան իրենց այնտեղ ներկայացնել, մեզ զանգահարեցին հայկական նույն նախագծից եւ հրավիրեցին մասնակցել եզրափակչին: Ես ինքս էլ ցանկանում էի Jazz Parking-ն այստեղ բերել, բայց դա պետք է ավելի ուշ տեղի ունենար, մոտավորապես կես տարի անց:

Հուսով եմ՝ մյուս անգամ Ձեզ հետ կբերեք հայկական արմատներով բոլոր մասնակիցներին:

Նրանք մեզ մոտ 50-ից 10-ն են: Ես՝ մեծ հաճույքով: Կաշխատենք այդ ուղղությամբ:

Ինչի՞ համար եք ափսոսում:

Ուզում եմ ասել, որ շատ եմ ափսոսում, որ Հայաստանում չեմ ծնվել: Մի հետաքրքիր զուգահեռ է: Ինչպես պաղպաղակը միշտ պետք է սառցարանում պահել, այնպես էլ ես պետք է այստեղ ծնվեի:

Բայց այդ դեպքում, հնարավոր է, չհասնեիք այսպիսի բարձունքների, ինչպես հիմա

Գիտեք, էությամբ կարիերիստ չեմ: Ես ոչինչ երբեք հատուկ չեմ անում, պարզապես գնում եմ քամու ուղղությամբ:

Ինչ-որ բան ունե՞ք հայ ժողովրդին ասելու:

Ցանկանում եմ նրանց մաղթել անկեղծություն, մաղթել, որ չնայելով ոչնչին, մնան իրենց երկրում: Այստեղ ամեն ինչ կա, որպեսզի մարդը կարողանա ապրել: Դե, եթե չեք ցանկանում հասնել ինչ-որ աներեւակայելի բարձունքների: Չնայած, ցավոք, բարձունքներն այսօր ընկալվում են միայն որպես նյութական: Իսկ իրականում բարձունքները… Այսօր առավոտյան, չնայած շատ լարված օր է սպասվում, գնացինք Էջմիածին, Սուրբ Գայանե եկեղեցի: Գիտեինք, որ չենք կարող չայցելել այդ վայրեր: Երեխաներն ինձ հարցնում էին, թե ե՞րբ ենք վերջապես գնալու: Իսկ ես այնքան ուրախ էի, որ նախաձեռնությունն իրենց կողմից է: Նրանք իրական հետաքրքրություն ցուցաբերեցին երկրի հանդեպ, այլ չեկան միայն երգելու: Ես ինքս չէի առաջարկում, սպասում էի, որ իրենք ասեն այդ մասին: Եվ Գայանե Զախարովան, նա մեր բոլորից ամենազգայունն է, ասաց. «Ես ավելի եւ ավելի եմ հասկանում, որ մենք հայ ենք»:

Ահա այսպես. եթե որեւէ ֆորս-մաժորային իրավիճակ, 100 տոկոսանոց անհրաժեշտություն չկա, մի լքեք ձեր երկիրը: Ապրեք այստեղ: Եվ մենք կձգտենք դեպի ձեզ եւ անկեղծորեն կհուսանք, որ կընդունեք մեզ: Որովհետեւ մենք Սփյուռքի սփռված երեխաներն ենք, բայց մենք հայ ենք: Մենք մեզ ռուս չենք զգում: 50-ը 50-ով, բայց ամեն դեպքում հայ ենք…

Չգիտեմ, ինձ թվաց, թե՝ ոչ, բայց վերջին հարցին պատասխանելիս Անժելիկայի աչքերում արցունքներ փայլեցին…

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE