«Ոսկե ծիրան 2017»-ում կցուցադրվեն հանդիսատեսի ընտրած ֆիլմերը

14:55   5 հունիսի, 2017

«Ոսկե ծիրան» կինափառատոնին այս տարի առաջին անգամ կցուցադրվեն ֆիլմեր, որոնք հանդիսատեսն ինքն է ընտրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը.

«Մենք հանդիսատեսից էինք հարցրել, թե որ ֆիլմերը կցանկանային տեսնել Կաննի կինոփառատոնից։ Նրանց ընտրած ֆիլմերը մենք ներկայացնելու ենք փառատոնի շրջանակներում։ Փորձում ենք այստեղ բերել աշխարհի լավագույն ֆիլմերը»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տարվա փառատոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ 14 տարի անց համագործակցել են նոր դիզայներների՝ Սիլվի Բեգլարյանի եւ Դիանա Աղամյանի հետ, ու փոխել ազդագիրը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս կինոփառատոնի շրջանակներում կմրցեն խաղարկային, վավերագրական ժանրերում եւ «Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկված ֆիլմեր։

Փառատոնի ծրագերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն էլ խոսեց այս տարվա ժյուրիի կազմի մասին։ Այսպիսով՝ Խաղարկային ժանրում ընդգրկված են 4 ռեժիսոր՝ Հյու Հադսոնը (Մեծ Բրիտանիա), Աիռո Գեռան (Կոլումբիա), Ալեքսեյ Ֆեդորչենկոն (Ռուսաստան) եւ Իլդիկո Էնյեդին (Հունգարիա)։ Վավերագրական մրցույթը կդատեն Յուջին Քորը (ԱՄՆ), Թոմ Ֆասարթը (Նիդերլանդներ), Միքելանջելո Մեսսինան (Իտալիա), Գրիգոր Հարությունյանը եւ Միմի Գյորգովսկան (Մակեդոնիա)։ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում որպես ժյուրի հանդես կգան Մարիամ Դ’Աբոն (Մեծ Բրիտանիա), Դավիթ Սաֆարյանը, Յադվիգ Նովակովսկան (Լեհաստան), Գագա Չխեիձեն (Վրաստան) եւ Յան Գերգերը (Գերմանիա)։

Ինչ վերաբերում է փառատոնի այս տարվա հատուկ հյուրին՝ կազմակերպիչները խոստացան այդ թեմայով խոսել առաջիկա ասուլիսների ընթացքում։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ՝ հուլիսի 9-16-ը։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE