Ի՞նչն է Բեյոնսեի, Փինքի եւ այլ աստղերի հետ աշխատած պարուսույց Արթուր Գուրունլյանին բերել Հայաստան

10:35   7 հունիսի, 2017

Մեծ Բրիտանիայում հայտնի հայազգի պարուսույց Արթուր Գուրունլյանն այս օրերին Հայաստանում է: Պարուսույցն այստեղ է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում երգչուհի Անաիս Հեղոյանին աջակցելու նպատակով.

«Անաիսը մեցցո-սոպրանո է: Ես նրա գեղարվեստական ղեկավարն եմ: Սա առաջին մրցույթն է, որին նա մասնակցում է. հարյուրավոր մասնակիցների մեջ Անաիսը եւս ընտրվեց Արամ Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու համար, որտեղ առաջին անգամ մասնակիցները կմրցեն վոկալով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արթուրը՝ հավելելով.

«Անաիսը երաժշտական կրթություն է ստացել Լոնդոնում, նա ելույթ է ունեցել Անգլիայի ազգային օպերայի կազմում: Վեստմինստրյան պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ նա հանդես է եկել որպես մեներգրչուհի՝ ելույթ ունենալով արքայազն Չարլզի առջեւ»:

Հայտնի պարուսույցը տեղեկացրեց, որ այստեղ մնալու է մինչեւ հունիսի 16-ը:

Նշենք, որ Արթուրը հայրենիքում չէր եղել մոտ 25 տարի: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երեկ մասնակիցների հետ եղել են նաեւ Կոմիտասի թանգարանում:

Ի դեպ, Երեւանում Արթուրին դիմավորել են ընկերները, այդ թվում՝ Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը։ Վերջիններս անակնկալ են մատուցել Արթուրին՝ սրճարաններց մեկում տոնելով նրա տարեդարձը։

Արթուր Գուրունլյանը համաշխարհային ճանաչում ունեցող պարուսույց է: Նա ելույթներ է ունեցել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Բեյոնսեն, Փինքը, Քայլի Մինոգը, Լեոնա Լյուիսը, Pussycat Dolls խումբը եւ այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE