«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Հասմիկ Շիրոյանը՝ Ֆրանսիայում հայտնի հայկական բրենդի դեմք

11:05   8 հունիսի, 2017

Ուկրաինական «Ձայնը» եւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը վերջերս համագործակցել է Փարիզում հայտնի հայ դիզայներ Աստրիդ Սարկիսյանի հետ. երգչուհին  լուսանկարվել է նրա շալերի շարքի համար:  Այս մասին Հասմիկը պատմել է NEWS.am STYLE-ին`բացահայտելով այլ մանրամներ:

«Ճիշտն ասած՝ Աստրիդի հետ մեր շփումը շատ պատահական ստացվեց: Ես նրա աշխատանքները տեսա համացանցում եւ սիրահարվեցի այդ գեղեցիկ շալերին: Որոշեցի գրել նրան ու պատմել, որ շատ եմ հավանել նրա գործերը, դրանից հետո որոշեցինք համագործակցել: Աստրիդը շատ հաճելի անձնավորություն է»,-նշեց Հասմիկը՝ հավելելով, որ անչափ ուրախ է իր եւ անվանի դիզայների ծանոթության համար:

«Մոտ մեկ ամիս առաջ Աստրիդը Փարիզից ինձ ուղարկեց իր շալերը, եւ հայտնի լուսանկարիչ  Օլեգ  Ֆենիքսի հետ իրականացրեցինք ֆոտոշարքը: Ի դեպ, Օլեգը շատ հայտնի մոդելների եւ ամսագրերի հետ է աշխատում, այդ թվում՝ Vogue-ի»:

Հասմիկը նշում է՝ նախկինում էլ է համագործակցել դիզայներների հետ, սակայն Աստրիդի բրենդի համար լուսանկարվելն առանձնահատուկ փորձ էր երգչուհու համար.

«Ես կարծում եմ՝ սա աշխարհի հայերի միացումն է: Ի՞նչը կարող է լինել ավելի ներշնչող, քան Կիեւում եւ Փարիզում բնակվող հայերի միավորումը: Ինձ շատ է դուր եկել այս աշխատանքը, եւ ես պատրաստ եմ այն շարունակել այլ դիզայներների հետ եւս: Հատկապես, երբ խոսքը դրսում ապրող հայերի մասին է. ինձ համար այդ միտքը շատ հետաքրքիր է»:

Ի դեպ, այս ամառ Հասմիկը ծրագրում է գալ Հայաստան.

«Եթե հաջողվի, այդտեղ հանդես կգամ նաեւ համերգային ծրագրով: Սակայն դեռեւս հստակ չեմ կարող ասել, թե երբ կժամանեմ Երեւան»,-նշեց երգչուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE