Մահացել է Արմեն Թութունջյանը

18:13   8 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 8-ին, հանկարծամահ է եղել անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։

Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին, Երեւանում։ 

Թութունջյանը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։

1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։

1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն եւ ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։

1996 թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» եւ «Ջազ» հաղորդումները։ 1998 թ-ից վարում է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011 թ-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։

2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 2009 թ-ից Վահագն Հայրապետյանի եռյակի եւ քառյակի թմբկահարն է։ 2011 թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ եւ շարժում» ձեռնարկը։

NEWS.am STYLE-ը ցավակցում է անվանի ջազմենի հարազատներին եւ ընկերներին։



© NEWS.am STYLE