DJ Vakcina-ն սպասում է իր առաջնեկին

14:31   7 ապրիլի, 2013

Երբ ինձ հասավ DJ Vakcina-ի հղիության մասին լուրը, սկզբում անակնկալի եկա, իսկ հետո անչափ ուրախացա: Որովհետեւ գիտեի, որ որոշակի առողջական խնդիրներ ունի, եւ մայրանալը նրա համար հրաշքի էր նման: Կարծում եմ այդ ուրախությունը Արուսիկի հետ կկիսեն NEWS.am STYLE-ի ընթերցողները՝ չար խոսքերի փոխարեն պարզապես գնահատելով նրա անկեղծությունը եւ կիսելով հուզմունքն ու երջանկությունը:

Ի՞նչ զգացիր այն պահին, երբ իմացար, որ քեզանում նոր կյանք է ապրում:

Շատ էի սպասում այդ օրվան, արդեն 7 տարի է: Իմ պատճառներն ունեմ այդ տարիքում վերջապես հստակ որոշում կայացնելու: Ուզում էի 27-ամյակս լիներ հատուկ մայրանալու առումով:

Երբ իմացա հղիությանս մասին, Ամանոր էր: Եւ դա լավագույն եւ ամենամեծ նվերն էր: Ես մինչ օրս չեմ կարողանում լիարժեք գիտակցել այդ հրաշքը, այնքան այն անբացատրելի է, հզոր: Միաժամանական բնության ամենագեղեցիկ երեւույթն է: Առաջին վայրկյանին երբ իմացա, չհավատացի: Հետո տագնապեցի, հետո զարմացա, հետո անչափ սիրեցի...

Բոլոր ապագա մայրերի մոտ կան պատկերացումներ երեխայի մասին, ֆանտազիաներ: Քո մոտ դրանք որո՞նք են:

Ես արդեն զգում եմ նրա բնավորությունը: Նա շատ կենսուրախ է եւ ակտիվ: Բնականաբար, հենց այդպիսին էլ պետք է լիներ, քանի որ նրա առաջին օրերից իր մայրիկը միշտ եղել է իրադարձությունների կիզակետում, վազել միջոցառումից միջոցառում եւ տարբեր ակցիաների մասնակցել: Ինձ թվում է, որ նա այդ ամենը հետագայում ենթագիտակցորեն կհիշի... Մտածում եմ, որ նա լինելու է շատ տարբերվող եւ ուժեղ՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ամեն դեպքում, ես ջանք չեմ խնայի այդ ամենի համար:

Ամենաերջանիկ պահը, որ պատկերացնում ես նրա հետ, ո՞րն է:

Առաջին վայրկյանները, երբ կգրկեմ նրան...

Գիտակցո՞ւմ ես, որ շուտով կողքիդ է լինելու քո փոքրիկ կտորը: Պատրա՞ստ ես հանուն նրա զոհաբերության գնալ:

Միանշանակ պատրաստ եմ, ես գիտակցելով եմ սպասում նրան եւ գիտակցելով եմ դաստիարակելու: Ուզում եմ, որ նա գնահատի կյանքը, սիրի այն ու պատրաստ լինի դժվարությունների: Կարծում եմ, որ երեխան եւ ծնողը դա այն արժեքներն ու սրբություններն են, հանուն որոնց կարելի է գնալ յուրաքանչյուր զոհաբերության ու զիջման: Չնայած այն փաստի, որ ես միշտ քաղաքի ու միջոցառումների թոհուբոհի մեջ եմ, միեւնույն է ինձ ընտանեկան մարդ եմ համարում: Շատ եմ սիրում հանգիստ, ընտանեկան միջավայր: Սիրում եմ մարդկանց ջերմ հարաբերությունները, դրանից ավելի թանկ բան չկա: Այդ իսկ պատճառով փոքրիկի լույս աշխարհ գալը եւ այդ իրականությունը գիտակցելը ինձ անսահման երջանկություն է պատճառում ու լիարժեքության զգացում:

Իսկ, ըստ քո պատկերացումների, մինչեւ ե՞րբ ես աշխատելու եւ ե՞րբ կվերադառնաս աշխատանքի երեխայիդ ծնվելուց հետո:

Աշխատելու եմ մինչեւ վերջ: Արդեն իսկ ունեմ բազմաթիվ համերգների եւ բացօդյա party-ների, հարսանիքների մասնակցելու պատվերներ: Եւ այդ ողջ ընթացքում լինելու եմ ակտիվ: Ի զարմանս ինձ՝ բոլոր պատվիրատուները, իմանալով, որ ես այդօ րերին փորիկով եմ լինելու, ավելի են ուրախանում եւ պնդում, որ շատ կցանկանան տեսնել այդ օրը մեզ երկուսիս DJ-ական վահանակի առջեւ:

Բացի այդ, կազմակերպելու եմ տարբեր միջոցառումներ եւ ակցիաներ՝ նվիրված առողջ ապրելակերպին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրին եւ մանկատան համար բարեգործական ակցիաներին: Ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում, մինչ օրս այս վիճակով ունեցել եմ անչափ զբաղված գրաֆիկ, մեկնել եմ Հայաստանից եւ վերադառնալուն պես անցել գործի:

Ինչ վերաբերվում է բալիկիս ծնվելուց հետո վերադառնալուն, ապա, կարծում եմ, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, 40 օրից հետո անմիջապես կվերադառնամ:

Իսկ ի՞նչ ես կարծում, քո զբաղված գրաֆիկը չի՞ խանգարի մայրության երջանկությունը վայելել:

Քանի որ ես համ մայրիկ, համ հայրիկ եմ լինելու, երկուսը մեկում, ապա, բնականաբար, չեմ կարողանա լիարժեք տրվել մայրությանը: Բայց դա չի նշանակում, որ բոլորովին կզրկվեմ այդ գաճույքից եւ ինձ կնվիրեմ միայն աշխատանքին: Կարծում եմ, որ կհասցնեմ ամեն բան: Շատ ուրախ եմ, որ ընտանիքս, ինչպես նաեւ ընկերներս, միշտ հետս են: Հետեւաբար երեխան մեծանալու է ուրախ, անմիջական, ջերմ ու բարի միջավայրում:

Ինչպես հասկացա, դու գերադասել ես 1+1=2 հավասարությունը...

Ես միշտ սիրել եմ ճշգրիտ մաթեմատիկա: 1+1=3-ը ինձ համար շատ ռոմանտիկ ու ոչ ռեալ է թվացել: Հետեւաբար 1+1=2-ը այս դեպքում ինձ բավարար է: Առավել եւս, երբ խոսքը գնում է երեխայի մասին, ես պատրաստ եմ բացի հայրիկից ու մայրիկից լինել նաեւ ընկեր, ուսուցիչ, խորհրդատու, պահապան հրեշտակ եւ այլն: Իմ ռեսուրսները թույլ կտան նրան լիարժեք մարդ դարձնել:

Իսկ երեխայի կենսաբանական հայրիկն ինչպե՞ս արձագանքեց: Չե՞ս նշի ով է:

Շատ ցանկալի լուր էր նրա համար: Ուրախացավ, եւ, բնականաբար իր կենսաբանական հայրիկ լինելու սահմաններում, մեզ հետ կլինի: Ես կարող եմ ասել, որ նա իմ շատ լավ ընկերն է, մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Եւ ես շատ շնորհակալ եմ Աստծուց, ճակատագրին եւ իմ երեխայի հայրիկից, որ երազանքս վերջապես իրականացավ: Շատ էի սպասել հղիանալուն, քանի որ որոշ առողջական խնդիրներ ունեի: Հասկանալի պատճառներով չեմ նշի ով է, քանի որ մենք նրա հետ համաձայնության ենք եկել, որ նրա թեման հանրության քննարկման նյութ չենք դարձնելու:

Սեռը արդեն հայտնի՞ է:

Երեկ եմ հետազոտություն արել: Տղա է:

Իսկ հագուստ գնու՞մ ես:

Դեռ չեմ գնել, քանի որ նոր եմ սեռը իմացել: Այսօրվանից արդեն կսկսեմ պատրաստվել եւ կգնեմ ամենասիրուն ու գունագեղ հագուստը:

Իսկ նրա սենյակը ի՞նչ գույների մեջ ես պատկերացնում:

Հանգիստ, պաստելային տոների մեջ: Մենք մինչեւ նրա 3 տարեկան լրանալը ապրելու ենք այն տանը, որտեղ ես այժմ եմ բնակվում: Իսկ հետո կտեղափոխվենք արդեն իմ սեփական բնակարան, ու իր սենյակի գույնը արդեն ինքը կընտրի: Կարծում եմ այդ տարիքում նրա մոտ արդեն ձեւավորված կլինի գունային ճաշակը:

Ի՞նչ կցանկանայիր, որ քեզանից անցներ տղայիդ:

Ուզում եմ, որ ինձ նման կենսուրախ լինի: Երբեք չվհատվի ու միշտ ձգտի օգտակար լինել ոչ միայն իրեն կամ ինձ, այլ նաեւ շրջապատին ու ամբողջ աշխարհին: Ես կփորձեմ նրան հենց այդպիսին դաստիարակեմ:

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE