էթիկետի 22 ոսկե կանոն

23:01   18 օգոստոսի, 2017

1. Երբեք առանց զանգելու հյուր մի գնացեք: Եթե ձեզ հյուր են եկել առանց զգուշացնելու, կարող եք ձեզ թույլ տալ մնալ խալաթով եւ բիգուդիներով: Մի բրիտանուհի տիկին ասում էր, որ անկոչ հյուրեր ունենալիս ինքը մշտապես հագնում է կոշիկները, գլխարկը եւ վերցնում հովանոցը: Եթե մարդն իրեն հաճելի է, նա բացականչում է. «Օ՜հ, ինչ հաջողություն, ես հենց նոր եկա»: Եթե տհաճ է. «Օ՜հ, ինչ ափսոս, ես պետք է դուրս գամ»:

2. Ով էլ դուք լինեք՝ տնօրեն, ակադեմիկոս, տարեց կին կամ աշակերտ, տուն մտնելիս առաջինը ողջունեք:

3. Ձեռքսեղմում. ընդունված չէ կանանց ձեռքով բարեւել, բայց եթե նա տղամարդուն առաջինն է ձեռքը մեկնում, հարկավոր է այն սեղմել, բայց ոչ այնքան ամուր, ինչպես տղամարդկանց ձեռքը:

4. Ռեստորանում պատվերի վճարման կանոնները. եթե արտաբերում եք «Ես ձեզ հրավիրում եմ» արտահայտությունը, դա նշանակում է՝ դուք եք վճարում: Եթե կինը գործընկերոջը ռեստորան է հրավիրում, ինքն է վճարում: Մեկ այլ ձեւակերպում. «Եկեք ռեստորան մտնենք», այս դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, եւ միայն երբ տղամարդն ինքն է առաջարկում կնոջ համար վճարել, կինը կարող է համաձայնվել:

5. Հովանոցը երբեք բաց վիճակում չի չորանում՝ ո՛չ գրասենյակում, ո՛չ հյուրընկալվելիս: Այն պետք է հավաքել եւ դնել հատուկ դարակի վրա կամ կախել:

6. Պայուսակը չի կարելի ծնկներին դնել կամ քո աթոռին: Փոքրիկ գեղեցիկ կլատչը կարելի է սեղանին դնել, մեծ պայուսակը կախել աթոռի թիկնակին կամ հատակին դնել, եթե հատուկ աթոռակ չկա (այդպիսիք հաճախ են ռեստորանում տրամադրում): Պորտֆելը դնում են հատակին:

7. Օծանելիքներ օգտագործելիս ոսկե կանոնը չափավորությունն է: Եթե երեկոյան դուք զգում եք սեփական օծանելիքի բույրը, իմացեք, որ մյուս բոլորը շնչահեղձ են եղել:

8. Եթե ինչ-որ մեկի հետ եք, եւ ձեր ուղեկիցը բարեւել է ձեզ անծանոթ մարդուն, հարկ է, որ դուք եւս նրան բարեւեք:

9. Պոլիէթիլենե փաթեթները թույլատրելի են միայն սուպերմարկետից վերադառնալիս, նույն կերպ եւ խանութների ֆիրմային թղթե փաթեթները: Դրանք հետո որպես պայուսակ օգտագործելը վատ ճաշակի նշան է:

10. Տղամարդը երբեք կանացի պայուսակ չի բռնում: Իսկ կանացի վերարկուն վերցնում է միայն այն նպատակով, որ տեղափողի մինչեւ հանդերձարան:

11. Տնային հագուստը տաբատն ու սվիտերն է, սակայն պատշաճ տեսք ունեցող: Խալաթը եւ գիշերազգեստը նախատեսված են առավոտյան մինչեւ լոգարան գնալու համար, իսկ երեկոյան՝ լոգարանից ննջասենյակ:

12. Այն պահից, երբ երեխան առանձին սենյակում է տեղավորվում, նրա մոտ մտնելիս սովորեք թակել: Այդ դեպքում նա էլ այդպես կվարվի մինչեւ ձեր ննջասենյակ մտնելը:

13. Կինը կարող է սենյակում լայնեզր գլխարկը եւ ձեռնոցները չհանել, բայց ոչ գդակը եւ թաթմանները:

14. Միջազգային ուղեցույցով զարդեղենի ընդհանուր թիվը 13 իրը չպետք է գերազանցի, ըստ որում՝ սրա մեջ են մտնում ոսկերչական կոճակները: Ձեռնոցի վրա մատանի չեն դնում, սակայն ապարանջանը թույլատրելի է: Որքան փողոցում մութ է, այնքան զարդեղենը թանկարժեք է: Նախկինում ադամանդը համարվում էր երեկոյան զարդ, բայց ամուսնացած կանանց համար վերջին ժամանակներս թույլատրելի է համարվում ադամանդները նաեւ ցերեկը կրել: Երիտասարդ աղջկա համար մոտ 0,25 կարատանոց ադամանդով մեխակ ականջօղերը միանգամայն տեղին են:

15. Տղամարդը մշտապես առաջինն է վերելակ մտնում, բայց առաջինը դուրս է գալիս նա, ով դռանը մոտ է կանգնած:

16. Ավտոմեքենայում առավել նախպատվելի է համարվում վարորդի հետեւի նստատեղը, այն կինն է զբաղեցնում, տղամարդը նստում է նրա կողքին, եւ երբ նա մեքենայից իջնում է, ապա պահում է դուռը եւ կնոջը մեկնում ձեռքը:

17. Եթե տղամարդը ղեկի մոտ է նստած, նախընտրելի է, որ կինը նրա թիկունքի նստատեղին նստի: Սակայն կինը որտեղ էլ նստած լինի, տղամարդը պետք է նրա առջեւ դուռը բացի եւ օգնի իջնել: Գործնական էթիկետում տղամարդիկ վերջին շրջանում ավելի հաճախ են այս նորմը խախտում՝ օգտվելով ֆեմինիստների կարգախոսից՝ «Բիզնեսում կանայք եւ տղամարդիկ չկան»:

18. Եթե ներողություն խնդրելուց հետո ձեզ ներել են, չարժի եւս մեկ անգամ վերադառնալ տհաճ հարցին եւ կրկնակի ներողություն խնդրել, պարզապես նման սխալներ մի արեք:

19. Բոլորի համար լսելի խոսել այն մասին, որ դիետայի եք հետեւում, հիմարություն է: Առավել եւս՝ չի կարելի այդ պատրվակով հրաժարվել հյուրասեր տանտիրուհու առաջարկած ճաշատեսակներից: Անպայման գովաբանեք նրա խոհարարական տաղանդը, ըստ որում՝ դուք կարող եք ոչ մի բան չուտել: Անհրաժեշտ է նույնկերպ վարվել նաեւ ալկոհոլի դեպքում: Չարժի բոլորին հայտնել, թե ինչու չի կարելի ձեզ խմել: Խնդրեք սպիտակ չոր գինի եւ թեթեւակի ումպ արեք:

20. Աշխարհիկ զրույցների արգելված թեմաներն են՝ քաղաքականություն, կրոն, առողջություն, փող:

21. Անտեղի հարց. «Աստված իմ, ինչ գեղեցիկ զգեստ է: Որքա՞ն եք վճարել»: Ինչպե՞ս արձագանքել: Սիրալիր ժպտացեք. «Սա նվեր է»: Զրույցի թեման փոխեք: Եթե զրուցակիցը պնդում է, մեղմորեն ասեք. «Ես չէի ցանկանա այդ մասին խոսել»:

22. Ութ բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, աղոթքը, դեղերի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, պատիվն ու անպատվությունը:



Ըստ fit4brain.com-ի նյութերի



© NEWS.am STYLE