Երեւանյան էսքիզներ. Ավան-Առինջի աղի հանքի քարանձավային կյանքը

14:05   13 հունիսի, 2017

Եթե հետաքրքրվեք Հանրապետական սպելեոթերապեւտիկ կենտրոնի երեւանյան հասցեով, ապա չափազանց կզարմանաք, քանի որ ձեզ կպատասխանեն, որ այն մեծ խորությամբ գետնի տակ է: Այո, բժշկական կենտրոնը 4000 քառակուսի մետր տարածքի վրա տեղակայված է 235 մետր խորությամբ՝ Ավան-Առինջում գտնվող Երեւանյան աղի հանքի աղաշերտերում: Այստեղ բուժում են շնչառական համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց:

Հասկանալի է, որ բժշկական կենտրոնի համար արդյունաբերական ձեռնարկության տարածքը լավագույն վայրը չէ, բայց նման խորության վրա հայտնվելու այլ եղանակ չկա:

Անցյալ դարի 50-ական թվականների կեսին «Նավթահետախուզում» տրեստը Քանաքեռի սարահարթում հորատում էր կատարում նավթ որոնելով: Նավթ չգտան, դրա փոխարեն Ավան գյուղի շրջանում ամայի տարածքում՝ 200-ից մինչեւ 600 մետր խորությամբ, աղի հզոր շերտեր հայտնաբերեցին: Ստացած տվյալների հիման վրա Լենինգրադում կազմվեց աղի հանքի նախագիծը, իսկ 1957 թվականին «Թունելշինի» հայ մասնագետները սկսեցին երկու հանքահորերի հորատումը: 4 մետր տրամագծով գլխավոր հորը հասավ 261 մետր նիշին, օժանդակը՝ 235 մետրի: 

Աղի առաջին շերտը բացվել է 212 մետր խորությամբ: Դա գալիտ հանքանյութն է, որն աղի համ ունի՝ ի տարբերություն շատ աղի արյող սելվինիտի: Հորատանցմանը զուգահեռ՝ ստացված աղն ուղարկվեց կենցաղային նպատակներով մշակման: Իսկ աղի հանքը լիովին ձեւավորվեց 1966 թվականին: 

Աղի քարանձավների առողջարար հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից: Աղի հանքեր կան տարբեր երկրներում եւ օգտագործվում են բուժական նպատակներով:

Աղի շերտերի մշակումից հետո առաջացած Ավանի քարանձավները յուրահատուկ են իրենց երկրաֆիզիկական եւ երկրաքիմիական ցուցանիշներով, եւ չէր կարելի այս հանգամանքից չօգտվել: Այնտեղ ջերմությունը մշտապես 19 աստիճան է, առկա է մշտական մագնիսական դաշտ, կայուն խոնավություն, ռադիոալիքների եւ արեգակնային ճառագայթման բացակայություն, որն ամեն վայրկյան մեզ խոցում է մակերեւույթին:

Ավանի քարանձավների օդը, որը Մենդելեեւի աղյուսակի գրեթե բոլոր տարրերը պարունակում է՝ ծանր մետաղների բացառությամբ, արյունը հարստացնում է օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրերով: 1980-ական թվականների սկզբին սկսվել է քարանձավի վերակազմավորումը բժշկական կենտրոնի: 1985 թվականին դրա ստորգետնյա հատվածի կառուցումն ավարտվեց, իսկ 1987 թվականի մայիսի 5-ին կենտրոնն ընդունեց առաջին հիվանդներին:
Հիվանդներին այստեղ են հասցնում հանքահորի վերհան վանդակով, որով բարձրացնում են 261 մետր խորությամբ արդյունահանված աղի վագոնները: Գրեթե ազատ անկման 1,5 րոպե, եւ վանդակն արագությունը դանդաղեցնում է:

Բացարձակ լռություն, միայն աղն է ոտքերիդ տակ ճռճռում: Վագոններ, ռելսեր, մի խոսքով՝ հանք: Թունելը լայն դռներին է հասցնում: Իսկ դրանց հետեւում անսպասելի ընդարձակ քարանձավներ են հայտնվում՝ կտորի միջնապատերով պատրաստված հիվանդասենյակներով, միջամտության սենյակներով, սպիտակ խալաթներով բուժանձնակազմով: Բազմոցները, բազկաթոռները, մարզասարքերը բուժհաստատության կենցաղային իրադրությունն են: 
Առաջին հերթին տարածքը զննելու ցանկություն է առաջանում: Նեոնային լամպերի լույսով պատերը շողշողում են աղի բյուրեղների բազմագույն կրակներով:

Այստեղ միաժամանակ կարող են գտնվել մինչեւ 60 հիվանդներ, երեխաներ եւ մեծահասակներ: Հատուկ բուժական միջամտություններ չեն կատարվում: Գուցե միայն հիվանդներին «թթվածնային կոկտեյլ» են տալիս՝ մեկ բաժակ պղպջակող դեղային բաղադրությամբ, որը մասուրի ախորժաբեր բույր ունի: Ինչ-որ պահի կրծքավանդակդ կարծես բացվում է, թթվածինը տառացիորեն հոսքով լցվում է թոքերիդ մեջ, ինքնազգացողությունդ բարելավվում է, ձեռք ես բերում հոգեկան եւ ֆիզիկական հավասարակշռություն: Արտաքին խելահեղ եւ ունայն աշխարհը քեզնից տարանջատված է հողի 200 մետրանոց շերտի զրահով: Ոմանք քնելու են հակվում, նրանք գնում են «հվանդասենյակներ», մյուսները զրուցում են, ընթերցում, խաղում: 

Եվ միայն մի քանի ժամ հետո մակերեւույթ բարձրանալու հնարավորություն կընձեռվի, երբ վերհան վանդակը, ավարտելով արտադրական շրջափուլը, դարձյալ կկանգնի 235 մետր նիշի վրա: Այս մի քանի ժամը մեկ-երկու շաբաթվա ընթացքում փոխարինում է դեղերով եւ ներարկումներով ավանդական բուժմանը:

Ահա եւ դուրս գալու հրավերը: Վանդակն այնքան սրընթաց է վեր սուրում, որ ականջներդ խլանում են: Քարանձավների կիսամութից հետո արեգակի լույսը կուրացնում է: Եվ հանկարծ զգում ես, թե ինչ մթնոլորտում ենք ապրում: Կոկորդդ սկսում է քերծել, հազը խեղդում է, շնչելը՝ դժվարանում: Բայց մեկ-երկու ժամ անց սթրեսը հաղթահարած օրգանիզմը վերադառնում է գործառնության նախկին չափանիշներին:

Գուցե արժե՞, որ մարդկությունը քարանձավ վերադառնա:

Պավել Ջհանգիրով



© NEWS.am STYLE