Փաֆ Դեդին շոու բիզնեսի ամենահարուստ աստղն է, Քիմ Քարդաշյանը 47-րդն է

10:05   13 հունիսի, 2017

Դե ինչ, պատրա՞ստ եք իմանալ, թե որքան են վաստակում աստղերը: Գնացինք:

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է շոու բիզնեսի եւ սպորտի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Այն գլխավորել է Փաֆ Դեդին (Շոն Քոմբս): 47-ամյա ռեփերն անցյալ տարի 130 մլն դոլար է աշխատել: Այս գումարի մեծ մասը նա վաստակել է Bad Boy Fanily Reunion համերգային շրջագայության, ինչպես նաեւ՝ ֆրանսիական Ciroc օղու ապրանքանիշի հետ համագործակցության շնորհիվ:

Երկրորդ հորիզոնականում գեղեցկուհի Բեյոնսեն է, որն առաջիկա օրերին մայր է դառնալու: 35-ամյա երգչուհին մեկ տարվա ընթացքում 105 մլն դոլար է աշխատել: Հիմնականում սա պայմանվորված է Lemonade ալբոմի թողարկմամբ եւ դրան հետեւած համերգային շրջագայությամբ:

Երրորդ տեղում բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգն է՝ 95 մլն դոլարով: Նա ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող ամենաբարձր վարձատրվող գրողն է այս վարկանիշում: Եվ սա՝ «Հարրի Փոթերն ու անիծված երեխան» գրքի ու «Ֆանտաստիկ արարածներն ու որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի սցենարի շնորհիվ:

Ցուցակում չորրորդը Կանադայից երաժիշտ Drake-ն է (Օբրի Գրեհեմ), որը 94 մլն դոլար է աշխատել: Հնգյակը եզրափակում է «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 93 մլն դոլարով: Այս տարին նրա համար հաջող էր նաեւ կարիերայի տեսանկյունից (Պորտուգալիայի հաղթանակը Եվրոպայի առաջնությունում եւ «Ռեալ»-ինը՝ Չեմպիոնների լիգայում):

Տասնյակում ներառվել են նաեւ կանադացի երգիչ Աբել Թեսֆայեն (The Weeknd), ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Շթերնը, բրիտանական Coldplay փոփ խումբը, գրող Ջեյմս Պատերսոնը եւ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:

Քիմ Քարդաշյանը 45.5 մլն դոլարով 47-րդ տեղում է:

Անցյալ տարի ցուցակը գլխավորած Թեյլոր Սվիֆթը (44 մլն) 49-րդ տեղում է, իսկ, ահա, Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը՝ Քայլի Ջեները, 41 մլն դոլարով 59-րդ հորիզոնականում է:

Ջեյ Լոն 65-րդ տեղում է՝ 38 մլն դոլարով:

Ռիհանան 36 մլն դոլարով զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը:



© NEWS.am STYLE