Ռոման Բալայանը, Հայկ Ավանեսյանը, «Мастер шеф»-ի հաղթող Հասմիկ Գասպարյանը՝ «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսին

11:35   14 հունիսի, 2017

Հայկական Աստվածամոր սրբապատկերի օրվա հռչակման 226-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Կիեւում ցուցահանդես է բացվել: Այն կազմակերպել է Ուկրաինայի Հայերի միությունը՝ Ուկրաինայի ճարտարապետների միության աջակցությամբ։ Ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքները ավելի քան յոթ ամիս են տեւել։

Կիեւի Ճարտարապետի տանը կազմակերպված «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են ուկրաինա-հայկական պատմության ամենավառ էջերը:

Միջոցառմանը ներկա են եղել առաջին անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Մանուկ Դեպոյանը, ռեժիսոր Ռոման Բալայանը, դիզայներ Հայկ Ավանեսյանը, հրապարակախոս Մարատ Հակոբյանը, լրագրող Վարդուհի Ավանեսյանը, փորձագետներ Օլեգ Սահակյանն ու Տիգրան Գրիգորյանը, «Мастер шеф» խոհարարական շոուի հաղթող Հասմիկ Գասպարյանը, Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարարության ռազմավարական պլանավորման եւ եվրոպական ինտեգրման դեպարտամենտի նախկին ղեկավար Միխայիլ Հայրիյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են Ուկրաինայի տարբեր հայկական եկեղեցիների ավելի քան երկու տասնյակ առասպելական սրբապատկերներ։ Պաշտամունքի առարկա դարձած սրբապատկերները, որոնց մասին դարերով առասպելներ են հյուսել ու գիտական աշխատություններ գրվել, առաջին անգամ են ցուցադրվել լայն հասարակայնությանը։



© NEWS.am STYLE