Երեւանյան էսքիզներ. Հովհաննես Նաղաշյանն ու կահույքի նրա ոճը

11:01   15 հունիսի, 2017

Անցյալ դարի 40-ական թվականների սկզբին ներկայիս Մաշտոցի պողոտայում (նախկինում՝ Ստալինի) ծխախոտային արտադրանքի ոչ մեծ խանութ հայտնվեց: Այն անսովոր եւ գեղեցիկ ձեւավորված էր փորագրված քանդակներով եւ նախշազարդ կահույքով: 

Այնուհետեւ, տարիներ անց, այստեղ երաժշտական խանութ բացեցին, որտեղ նոտաներ եւ երաժշտական գրականություն էին վաճառում: Եվ արդեն մեր ժամանակներում այստեղ կարելի է նոտաներ եւ նամականիշներ գնել:

Զարմանալին այն է, որ արդեն գրեթե 80 տարի է անցել, բայց խանութի ինտերիերը այնպիսին է մնացել, ինչպիսին բացման օրն էր: Պատերը, առաստաղը զարդարված են զարմանահրաշ նախշերով, փայտե տարբեր տարրերը զարդարում են զամբյուղները:
Ասում են, որ ձեւավորման վրա իր ձեռքն է դրել անձամբ Հովհաննես Նաղաշյանը, հայտնի կարմրափայտագործ վարպետը, ում համարում են կահույքի հայկական ոճի հիմնադիրը, որը «նաղաշյանական» են անվանել: Նա ծնվել է 1876 թվականի հունվարի 16-ին Երեւանում՝ Քանաքեռում: Այստեղ է ավարտել դպրոցը: Հայտնի չէ, թե ինչն է դեռահասին դրդել լքել հայրական տունը եւ ոտքով յոթ օրում Թբիլիսի հասնել: Գոյատեւման միջոցներ չունենալով՝ նա սկսել է փայտից խաղալիքներ փորագրել եւ վաճառել: Անցորդներից մեկը, ով կահույքի արհեստանոց ուներ, նկատել է նրան: Նա տղային իր մոտ է տարել, նրան տանիքով, սնունդով ապահովել եւ մի քանի հասակակիցների հետ սովորեցրել փայտամշակման արվեստը:


Սովորելով կահույքագործ վարպետի մասնագիտությունը՝ Հովհաննեսն Ալեքսանդրապոլ է տեղափոխվել, որտեղ ստեղծել է անհատական պատվերներով պատրաստվող, ինչպես այն ժամանակ էին ասում՝ «նրբագեղ» կահույքի արհեստանոց: Ըստ ֆրանսիական օրինակների՝ շատ վարպետներ էին նման կահույք պատրաստում, ավելացնելով փորագրված հայկական ինչ-ինչ տարրեր: Բացառություն չէր նաեւ Նաղաշյանը: Սակայն շուտով ամեն ինչ փոխվեց:
Երբեմն կահույքն անվանում են «փոքր ճարտարապետություն», որովհետեւ այն, որպես կանոն, իր ժամանակի արտացոլումն է եւ պատճենում է մեծ ճարտարապետության միտումները:

Հովհաննեսի համար ճակատագրական եղավ Ալեքսանդր Թամանյանի եւ Նիկոլայ Բունիաթյանի հետ հանդիպումը: Նրանց հետ շփվելով՝ նա հասկացավ, որ արվեստում ազգայինն ավելի լայն հասկացություն է, քան զարդանախշը: Եվ դրա օրինակն է հայկական ճարտարապետությունը՝ իր յուրահատուկ ձեւերով եւ համամասնություններով: Նաղաշյանը սկսեց այցելել պատմական հուշարձաններ, դրանք հետազոտել եւ չափումներ, էսքիզներ կատարել: Եվ սա անդրադարձավ նրա հետագա ստեղծագործության վրա: Այդ ժամանակաշրջանում է նա պատրաստել նաեւ Կարսում ռուսական եկեղեցու եւ Երեւանի Նիկոլաեւյան եկեղեցու մուտքի դռները:
1920 թվականից նա Երեւանում է աշխատել: Կահույքի բազմաթիվ հավաքածուներ է պատրաստել եւ տարբեր տեսակի ծառափայտից դեկորատիվ-կիրառական արվեստի փոքր տարրեր:

Նրա արհեստանոցը դարձել էր ստեղծագործող մտավորականության հաղորդակցության վայրը: Այստեղ էին գալիս ճարտարապետ Թորոս Թորոմանյանը, նկարիչ Ստեփան Աղաջանյանը, գրող Վահան Միրաքյանը, բժիշկ Գրիգոր Արեշյանը:
Հովհաննես Նախաշյանն է Երեւանի Հանրային գրադարանի, Պիոներպալատի, մի քանի բուհերի եւ պետական հաստատությունների կահույքի հեղինակը: Նա դասավանդել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտում եւ շինարարական տեխնիկումում: 1946 թվականին դարձել է Հայաստանի Նկարիչների միության անդամ: 1947 թվականին ցուցահանդեսների է մասնակցել Մոսկվայում, Լենինգրադում, Կիեւում: 1950-ական թվականների սկզբին կահույք է պատրաստել Մատենադարանի համար:
Դժվար է պատկերացնել, որ այն պատրաստել է մոտ 80-ամյա վարպետը: Նա վախճանվել է 1968 թվականին՝ 92 տարեկանում:

1974 թվականին նրա դուստրը՝ Վարդուհին, հրատարակել է «Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը» մենագրությունը:
1975 թվականի հունվարին Երեւանի Պատմության թանգարանում բացվել է նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Բացմանը մասնակցել են քանդակագործ Երվանդ Քոչարը, արվեստի պատմաբան Լեւոն Հախվերդյանը, մշակույթի այլ հայտնի գործիչներ:
Մարտիրոս Սարյանը գրել է. «Փայտամշակման արվեստում հրաշալի վարպետ Հովհաննես Նաղաշյանը հասել է նկարչի մակարդակի»: Իսկ Երվանդ Քոչարն ասել է, որ «Հովհաննես Նաղաշյանի փայտի փորագրության սքանչելի նմուշները կարող են զարդարել աշխարհի լավագույն թանգարանները»:

Այսօր նաղաշյանական կահույքից շատ բան է կորստի մատնվել: Նոր ժամանակները, նոր ճարտարապետությունը «փոքր ճարտարապետությունից» պահանջում է ժամանակի կերպարին ենթարկվել: Բայց այնտեղ, որտեղ այն դեռեւս մնացել է, պետք է պահպանել որպես կահույքի ազգային արվեստի եզակի նմուշներ, որը կրում է իր ստեղծողի անունը:

Պավել Ջհանգիրով



© NEWS.am STYLE