14:01 15 հունիսի, 2017Այսօր գիշերը հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը երկվորյակ դուստր է ունեցել։ Երեխաներին կոչել են էվա եւ էլլա։ 43-ամյա հեռուստամեկնաբանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ դեռ չի հասցրել գրկել փոքրիկներին։
Թե երեխաները, թե նորաթուխ մայրիկն իրենց լավ են զգում, բայց հիվանդանոցից դուրս գրվելու մասին դեռ վաղ է խոսել։ Գայանեն նշեց, որ անսահման երջանիկ է։

«Ճիշտ է՝ դեռ վաղ է երեխաներին ինչ-որ մեկին նմանեցնելը, բայց ես կարծում եմ, որ նրանցից մեկն ինձ է նման, մյուսը՝ ամուսնուս»,-ասաց նա։
Անդրադառնալով երեխաների անուններին, Գայանե Փայտյանը նշեց, որ ամուսնու հետ են ընտրել. «Փորձել ենք այնպիսի անուններ ընտրել, որոնք կսազեն հայրանվան եւ ազգանվան հետ»։
Նորաթուխ մայրիկը չի պատրաստվում «ֆիզարձակուրդ» գնալ. «Պատրաստվում եմ շատ շուտ վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի հարցում կօգնեն տատիկները եւ քույրս»։
Նշենք, որ Գայանե Փայտյանը երեք տարի առաջ է վերադարձել եթեր՝ հաղթահարելով ծանր հիվանդությունը։ NEWS.am STYLE-ը շնորհավորում է նրան եւ ամուսնուն՝ էդուարդին, փոքրիկներին մաղթելով քաջ առողջություն։