«Հայ կինոյի անմխիթար վիճակը հաշվի առնելով` «Ոսկե ծիրանի» անցկացումն աբսուրդ է». ռեժիսոր Արմեն Գասպարյան

21:10   20 հունիսի, 2017

Կինոռեժիսոր Արմեն Գասպարյանը վերադարձել է Կաննից, ուր մեկնել էր փառատոնի շրջանակներում՝ Film du marche շուկայում, ներկայացնելու է իր «Բանալիներ» հայ-ֆրանսիական նախագիծը:

Տաղանդավոր ռեժիսորի՝ Հայաստան վերադառնալուն պես, NEWS.am STYLE-ը նրա հետ կապ հաստատեց եւ զրուցեց Կաննի փառատոնից ստացած տպավորությունների, Հոլիվուդում նշված նախագծի իրականացման եւ սպասվող «Ոսկե ծիրանի» կինոփառատոնի մասին:

Դուք վերջերս Կաննի փառատոնում Ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի նախագիծ ներկայացրիք: Ո՞ւմ աջակցությամբ է իրականացվել Ձեր ուղեւորությունը եւ փառատոնին մասնակցությունը:

Ես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին «Բանալիներ» գեղարվեստական ֆիլմի նախագիծը ներկայացրել եմ ֆրանսիացի պրոդյուսերների աջակցությամբ, քանի որ Երեւանում այս թեման այնքան էլ արդիական չէ: Ինձ ասել էին ինչ-որ մրցույթի մասին, որը հայտարարել է մշակույթի նախարարությունը: Այն տեղադրվել էր ինչ-որ կայքում, բայց ես չեմ հետեւում այս գերատեսչության գործունեությանը: Իմ նախագծում առաջարկվող հանգամանքներն այլ են:

Ի՞նչ ապագա ունի Ձեր նախագիծը: Այն կյանքի կկոչվի՞:

Նախագիծը կիրականացվի Հոլիվուդում` Hollywood FishCorb կինոընկերության բազայով ֆրանսիական Magnolia Films կինոընկերության հետ համատեղ, ինչպես նաեւ՝ Իտալիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Ղազախստանի մասնակցությամբ: Ո՞վ կմասնակցի նախագծի ֆինանսավորմանը: Նախագծի ֆինանսավորման ցանկություն է հայտնել, որքան էլ տարօրինակ է, նույնիսկ Հայաստանը: Այս կապակցությամբ պայմանավորվածություն կա, որը ձեռք է բերվել Կաննի փառատոնի ժամանակ հայկական պատվիրակության հետ բանակցություններում: Սակայն հիմնական ֆինանսավորումը կկատարվի Ֆրանսիայից:

«Ոսկե ծիրանի» նախաշեմին ցանկալի կլիներ իմանալ` Ձեր ներկայությամբ կուրախացնե՞ք:

Ես չեմ մասնակցում նման կարգի միջոցառումներին: Ինձ համար կինոփառատոնն աշխատանք է: Երեւանի ռեստորանների մուտքն ամբողջ տարվա ընթացքում բաց է, ուստի իմ առջեւ նման նպատակ չկա` բարձր արվեստի մասին քննարկել բարձրաձայն, անճաշակ երաժշտության ներքո:

Կարելի՞ է ասել, որ տարեցտարի «Ոսկե ծիրան» փառատոնը պակաս արդիական է դառնում կամ գուցե` ոչ մեկին պետք չեկող:

Հաշվի առնելով հայկական կինոյի անմխիթար վիճակը, կինոփառատոնի անցկացումը, որի բյուջեն գերազանցում է ամբողջ ճյուղի բյուջեն, անհեթեթություն է: Նման բան աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի: Կաննի կինոփառատոնը ֆրանսիական կինոյի բյուջեի 10 տոկոսն է կազմում, իսկ Բեռլինի կինոփառատոնը, կարծես, գերմանական կինոյի 7 տոկոսը: Ես դեռ չեմ խոսում Հայաստանի սոցիալական խնդիրների մասին: Եթե այս միջոցառման անցկացումը թեկուզ ինչ-որ բանով նպաստեր հայկական կինոյի զարգացմանը, ապա դրա հետ հնարավոր կլիներ հաշտվել, իսկ այսպես` էկրանն ամեն ինչ վճռում է:

 

Ն.Վ.



© NEWS.am STYLE