Անձրեւ, ծիածան ու յոգա․ ֆլեշմոբ՝ Յոգայի միջազգային օրվան ընդառաջ (տեսանյութ)

22:10   20 հունիսի, 2017

Հունիսի 21-ին մոլորակը տոնում է Յոգայի միջազգային օրը: Մեր մայրաքաղաքում արդեն երրորդ տարին հունիսի 20-ին ու 21-ին տոնի առիթով կազմակերպվում են զանազան ֆլեշմոբեր. այսօր էլ բացառություն չեղավ: Հայաստանի յոգայի ֆեդերացիան Գաֆեսճեան արվեստի կենտրոնում ֆլեշմոբ էր կազմակերպել։

Բայց հինդուական պանթեոնի աստվածները, ըստ երեւույթին, ի սկզբանե դեմ էին այդ նախաձեռնությանը: Մինչ ժողովուրդը հավաքվում էր, երաժշտություն էր հնչում, ու ամեն ինչ լավ էր, քիչ ավելի ուշ անձրեւ սկսվեց, որը ուժեղացավ ու ցրեց յոգայի երկրպագուներին դեպի մոտակա փակ թաքստոցներ։

Մինչ մենք կանգնած էինք ծառի տակ՝ մեր կողքին Լիլիթ Արոյանն էր նստած՝ «Ֆուլ Հաուսից»։

Հետո ծիածան դուրս եկավ, այն էլ՝ երկուսը, ինչը լավ նշան է այդ նույն հինդուականության մեջ։ 

Բայց հետո էլեկտրականությունն անջատեցին, սակայն յոգայի քաջ հետեւորդները չընկճվեցին ու առանց երաժշտության կազմակերպեցին իրենց ֆլեշմոբը։

Դե ինչ, կարելի է ասել, որ ամեն ինչ բավականին հաջող ստացվեց։



© NEWS.am STYLE