«Դոմ-2»-ի աստղը հարսանեկան զգեստը պատվիրել է դիզայներ Հայկ Ավանեսյանին՝ 12 հազար դոլարով

10:02   21 հունիսի, 2017

Մենք կրկին գրում ենք Ուկրաինայում բնակվող մեր տաղանդավոր դիզայների՝ Հայկ Ավանեսյանի մասին։ Այս անգամ նման առիթ է ընձեռել «Դոմ-2» նախագծի նախկին մասնակից Վիկտորյա Ռոմանեցը, որը հուլիսի 7-ին կամուսնանա Անտոն Գուսեւի հետ։

Վիկտորյան պատմել է հարսանեկան զգեստի մասին, որը պատվիրել է կարել Հայկ Ավանեսյանին։ Այն 12 000 դոլար կարժենա։ Ռուսական Starhit պարբերականի հետ հարցազրույցում աղջիկը պատմել է հարսանեկան զգեստի մասին եւ ցույց տվել էսքիզները։

Վիկտորյան ընտրել է թանկարժեք մետաքս ու իտալական ժանյակ՝ կերպարն առավելագույնը թեթեւ դարձնելու համար։

«Ոչ մի րոպե չեմ կասկածել դիզայների ընտրության հարցում։ Հայկ Ավանեսյանի տաղանդի մասին գիտեմ դեռ իմ հայրենի Դոնեցկից։ Դեռահաս տարիքից հետեւում էի նրա շքեղ ստեղծագործություններին։ Ուկրաինացի հայտնիներն օգտվում են նրա ծառայություններից։ Ինձ դուր է գալիս, որ նա աշխատում է ոչ թե քանակի, այլ որակի ուղղությամբ։ Անկասկած, իմ հարսանեկան զգեստն այս տարի ամենաքննարկվողը կլինի»։

Այժմ նա սպասում, թե երբ դիզայները կավարտի աշխատանքը։ Մոտ ապագայում Վիկտորյան հույս ունի ստանալ հարսանեկան զգեստը։ Ռեալիթի շոուի նախկին մասնակիցը զգեստի համար ընտրում է կոշիկներ ու աքսեսուարներ։ Օրեր առաջ նա փորձում էր կոշիկները, որոնք ներդաշնակ կլինեն զգեստի հետ։

«Զգեստի կորսետն ու քողը ձեռքի աշխատանք են։ Մեկ շաբաթից Հայկի ստեղծագործությունն արդեն Մոսկվայում կլինի։

Այսպիսի մի հաղորդում կար՝ «Սեր՝ առաջին հայացքից», դա հենց իմ հարսանեկան զգեստի մասին է»,- ասել է Ռոմանեցը։

 

 

 



© NEWS.am STYLE