Դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի հարսանեկան զգեստի գաղտնիքն ու պսակադրությունը՝ Սեւանում (ֆոտո/վիդեո)

20:10   25 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 25-ին, Սեւանի Հայրավանքում պսակադրվեց դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը:

Գեղեցիկ արարողությանը հրավիրված էր նաեւ NEWS.am STYLE-ը, որի հետ զրույցում Թերեզան պատմեց, թե ինչպես է ծանոթացել իր ընտրյալի՝ Սուրենի հետ, ինչպես նաեւ՝ հարսանեկան զգեստի մասին:

«Սուրենի հետ ծանոթացել ենք մոտ 2 տարի առաջ՝ աշխատանքի բերումով: Նա մասնագիտությամբ հաշվապահ-ֆինանսիստ է: Մեր հարաբերությունները շատ հետաքրքիր սկիզբ, ընթացք եւ զարգացում ունեցան, ու այսօր արժանացանք  պսակի խորհրդին: Ի դեպ, Հայրավանքը, որտեղ և պսակադրվեցինք, կոչվում է նաև Մարդաղավնյաց վանք: Շատ հետաքրքիր խորհուրդ ու խորհրդավորություն ունեցող 9-րդ դարի վանք է»,-ասաց նա:

Թերեզան եւ Սուրենը փորձել են յուրահատուկ՝ ոչ ավանդական խնջույք կազմակերպել.

«Երբ քննարկում էինք հարսանեկան խնջույքի անցկացման ֆորմատը, ձգտում էինք հնարավոր բոլոր հանգամանքները հաշվի առնել: Երկուսս էլ կարծում ենք, որ սա այն դեպքերից է, երբ յուրաքանչյուր զույգ իրավունք ունի կազմակերպել իր հարսանիքն այնպես, ինչպես ավելի հետաքրքիր եւ հարմար է իրեն: Մենք մի քանի հնարավոր տարբերակներ քննարկելուց հետո, կանգ առանք Սեւանում կազմակերպելու տարբերակի վրա: Փորձել ենք փոքր-ինչ տարբերվող, հավես վիճակ ստանալ, միաժամանակ՝ պահպանելով նաեւ ավանդական տարրեր: Հյուրերի շատ նեղ շրջանակ ունենք, միայն  երկուսիս մտերիմ ընկերներն ու մոտ հարազատներն են»:

Ինչ վերաբերում է հարսանեկան զգեստին, ապա դիզայներն այն անձամբ է հեղինակել: Առաջին հայացքից այն ավանդական զգեստի է նման,  սակայն փոքրիկ գաղտնիք ունի.

«Այո՛, հարսի զգեստս հեղինակային է՝ փոքրիկ հետաքրքիր նոր լուծումով: Այն կոմբինիզոն-զգեստ է, եւ հնարավոր է կրել 2 տարբերակով՝ վերնազգեստով եւ առանց: Հարսնազգեստի դիզայնի հարցում վերջնական կողմնորոշվեցի, երբ արդեն որոշել էինք խնջույքի ընդհանուր ձեւաչափը: Եվ, պատկերացրեք, դեռ երեկ զգեստի հուլունքներն էինք հավաքում»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն ռեստորանում կլինի միայն կոմբինիզոնով՝ հանելով վրայի զգեստը:

NEWS.am STYLE-ը երջանկություն է մաղթում նորապսակներին ու ներկայացնում նրանց հարսանիքի լավագույն պահերը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE