«Կարծում եմ՝ շատերը նրան կհամակրեն». Իջինը՝ նոր տեսահոլովակի հերոսի եւ իր տարբերվող ոճի մասին

11:05   26 հունիսի, 2017

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը, շուտով երկրպագուներին կներկայանա նոր կերպարով եւ նոր տեսահոլովակով: Իր նոր՝ «Вдыхай мой воздух» երգը ստեղծելիս երգչուհին համագործակցել է երգիչ Արտեմ Վալտերի հետ: Այս մասին Իջինը պատմեց NEWS.am STYLE-ին՝ ներկայացնելով նաեւ նոր տեսահոլովակի եւ Արտեմի հետ համագործակցության մասին այլ մանրամասներ.

«Ես եւ Արտեմը լավ ընկերներ ենք, վաղուց ենք միասին աշխատում: Սա մեր առաջին համագործակցությունը չէր: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ես եմ: Ի սկզբանե որոշել էի, որ պրոդյուսինգով պետք է զբաղվի Արտեմը»,-ասաց նա՝ հավելելով.

«Արտեմի հետ աշխատելը հաճույք է: Նա իր գործի վարպետն է: Նա շատ տաղանդավոր անձնավորություն է: Ամենակարեւորն այն է, որ մենք միմյանց շատ լավ ենք հասկանում: Մենք միշտ կրեատիվ գաղափարների կողմնակից ենք»:

Իջինը վստահեցնում է՝ նոր տեսահոլովակն ամբողջովին տարբերվելու է իր նախորդ աշխատանքներից.

«Ամեն ինչը բացառապես նորություն է լինելու՝ իմ կերպարից սկսած, արտաքինով ու երաժշտական ոճով վերջացրած: Համոզված եմ՝ երկրպագուներս հաճելիորեն կզարմանան: Ես միշտ փորձում եմ ինչ-որ նոր բան անել, չդոփել նույն տեղում: Այս տեսահոլովակում ես բացահայտում եմ նաեւ դերասնական կարողություններս: Նախընտրում եմ ունենալ իմաստալից տեսահոլովակներ, որոնք նկարահանված կլինեն ֆիլմի ֆորմատով»:

Ի դեպ, տեսահոլովակում երգչուհին միայնակ չի լինի.

«Քանի որ տեսահոլովակի մտահաղացումն իմն էր, արդեն պատկերացում ունեի, թե ինչպիսին պետք է լիներ գլխավոր հերոսը: Ես եւ ռեժիսորը դժվարությամբ գտանք համապատասխան դերասանի: Մեծ քասթինգ կազմակերպեցինք, որի ընթացքում գտանք Գազմատին: Նա պրոֆեսիոնալ դերասան եւ մոդել է, որն ունի տարբերվող արտաքին: Կարծում եմ՝ շատերը նրան կհամակրեն»:

Երգչուհին, սակայն, դժվարացավ նշել, թե երկրպագուները երբ կկարողանան տեսնել իր նոր աշխատանքը.

«Դեռ հստակ օրը չեմ կարող ասել:  Շուտով կհայտնեմ, թե երբ տեղի կունենա «Вдыхай мой воздух» տեսահոլովակի պրեմիերան: Հիմա նաեւ զուգերգ ենք ձայնագրում Արտեմ Վալտերի հետ: Հուլիսին կթողարկվի մեր առաջին սինգլը, որը կլինի հայերենով»,-ասաց երգչուհին, որի առաջիկա ծրագրրի մեջ մտնում է նաեւ Հայաստան այցելությունը.

«Այս ամառ անպայման կգամ Հայաստան: Ոչ մի ամառ չեմ անցկացնում առանց իմ սիրելի Երեւանի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Իջինը



© NEWS.am STYLE