Քիմ Քարդաշյանը, Դոնալդ Թրամփը, Ալեքսեյ Նավալնին՝ «Համացանցում ամենաազդեցիկ 25 մարդկանց» վարկանիշում

12:36   27 հունիսի, 2017

Time պարբերականը երրորդ անգամ հրապարակում է համացանցում ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Թոփ-25-ը գլխավորել է Ջոն Լեջենդի կինը՝ Քրիսի Թեյգենը, իսկ վարկանիշում ներառվել են նաեւ Ջոան Ռոուլինգը, Քիմ Քարդաշյանը, Ռիհանան, Դոնալդ Թրամփը, Քեթի Փերին, Ալեքսեյ Նավալնին, Հալեպից բլոգեր Բանա Ալաբեդը եւ այլք:

Քրիսի Թեյգեն

ԱՄՆ գործող նախագահը մի անգամ ասել է, որ իրեն «Twitter-ի Հեմինգուեյ» են կոչում: Հիմա հենց Թրամփն է այս հարթակի ամենահայտնի բլոգերը: Ամերիկյան առաջնորդն այն օգտագործում է իր իսկ սահմանած պայմաններով լսարանի հետ շփվելու համար:

Ռուսաստանցի 41-ամյա ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաալիքն ավելի քան մեկ միլիոն բաժանորդ ունի: Time-ի կարծիքով՝ 2018 թվականի ընտրությունների մոտենալուն զուգահեռ, Նավալնին ավելի ու ավելի է հենվում սոցցանցերի լսարանի վրա, քանի որ նրան պետական հեռուստաալիքներ չեն թողնում:

Քիմ Քարդաշյանն այն հայտնիներից է, որը սոցիալական ցանցերում մեծ ուշադրություն է գրավում: Մեկ տարվա ընթացքում Քիմը սոցիալական ցանցերի միջոցով հասցրել է վիճել Թեյլոր Սվիֆթի հետ, ինչպես նաեւ բազմաթիվ մերկ լուսանկարներ հրապարակել, բայց անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում հայուհու կողոպտվելուց հետո ամեն ինչ փոխվեց:

Քիմը մի քանի ամիս անհետացավ սոցիալական ցանցերից, հատկապես, երբ հայտնի դարձավ, որ գողերը նրան հետեւել են իր իսկ միկրոբլոգների միջոցով: Այս պասիվությունը փոքր-ինչ թուլացրեց Քիմի դիրքերը, բայց ռեալիթի շոուի աստղը, ամեն դեպքում, ավելի քան 100 մլն բաժանորդ ունի, այնպես որ՝ հաջորդ տարի Քիմն արդեն կարող է վերադառնալ առաջատարի դիրքին:



© NEWS.am STYLE