«Ես բուժվեցի Հայաստանում»․ Մարթեն Յորգանց

16:25   28 հունիսի, 2017

Ֆրանսահայ երգիչ եւ երգահան Մարթեն Յորգանցն այս օրերին Հայաստանում է, որտեղ «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ նպատակ ունի ստեղծելու նոր ծրագրեր՝ հատուկ մանուկների համար։ Այսօր՝ հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երաժիշտը խոսեց Հայաստան այցի, «Ճկույթիկ» հիթի հաջողության եւ մյուս ծրագրերի մասին․

«Եկածս օրվանից շատ երջանիկ եմ։ Երեւանը հրաշալի քաղաք է դարձել, ամեն տեղ երիտասարդություն կա, բոլորը երջանիկ են երեւում։ Երբ Հայաստան եմ գալիս, միշտ տարբեր նախագծեր եմ իրականացնում։ Հիմա էլ նոր նախագիծ ունենք Եղիշե Պետրևոսյանի հետ»,-նշեց Յորգանցը՝ տեղեկացնելով, որ մի քանի նոր երգեր արդեն կան, որոնք պետք է ձայնագրվեն։

««Ճկույթիկ»-ի նման երգեր պետք է ստեղծեմ։ Բայց հիմա տեխնիկան փոխվել է, նոր որակներով պետք է աշխատենք։ Այս երգը ստեղծեցի մի գիշերվա ընթացքում՝ 4 րոպեում։ Հուսով եմ՝ որքան սերունդները կփոխվեն, այնքան «Ճկույթիկը» կմնա։ Ես՝ ինքս, դեռ մանուկ եմ, չեմ մեծացել։ Սիրում եմ այն, ինչ մանուկներն են սիրում։ 14 տարեկան էլ դեռ չկամ»։

Եղիշե Պետրոսյանն էլ խոսեց մանուկների համար նախատեսված համատեղ ծրագրերի մասին․

«Այսօր մանուկների համար շատ նյութեր չկան, որոնցով նրանք կարող են դաստիարակվել։ Նրանց համար նախագծեր ստեղծելու խնդիր ունենք, այդ պատճառով էլ որոշել ենք նոր մտքեր իրականացնել»։

NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց երաժիշտներից՝ ինչ են կարծում հայկական շոու-բիզնեսի մասին եւ ինչը կփոխեին մեր երգարվեստում․

«Շատ լավ երգիչներ եւ կոմպոզիտորներ կան Հայաստանում, որոնցից շատերը գնացին Եվրոպա եւ Ամերիկա։ Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանում մնային, բայց, բնականաբար, ունեին իրենց պատճառները։ Լավ երգիչներ ունենք, նրանց կմաղթեմ, որ որակով աշխատանքներ պատրաստեն եւ ժողովրդի երաժշտական որակը բարձրացնեն»,-ասում է Յորգանցը, իսկ Պետրոսյանը հավելում՝

«Այսօր օրիգինալ երաժշտություն ստեղծելու պակաս կա։ Մեկը մյուսին ընդօրինակում են եւ փորձում այնպիսի երգեր ստեղծել, որոնք կերգեն ռեստորանում՝ ծնունդի, կնունքի ժամանակ։ Կոմերցիոն մտածելակերպն է այսօր գերիշխում։ Պետք է նպատակը մեծ դնել միջազգային շուկայում տեղ գտնելու համար, իսկ դրա առաջին գրավականը օրիգինալ նյութ ստեղծելն է»։

Խոսելով Հայաստանի եւ հայ երիտասարդների մասին՝ Յորգանցը նշում է․

«Պետք է շատ ջանք թափենք, որ բոլոր սփյուռքահայերը գան Հայաստան եւ բուժվեն։ Որ տեսնեն մեր հայրենիքն ու մյուսներին էլ հրավիրեն այն տեսնելու։ Ես այստեղ բուժվել եմ՝ տեսնելով մեր երիտասարդներին եւ մեր քաղաքը»։

Սյունե Առաքելյան

 

 



© NEWS.am STYLE