«Գեղեցկությունը լցրած շուրթերի մեջ չէ». «Վիցե միսիս Եվրոպա 2016» Աննա Դեմիրխանյանի գեղեցկության եւ հմայքի գաղտնիքները

15:05   29 հունիսի, 2017

Գեղեցիկ կառուցվածքի եւ կանացի հմայքի գաղտնիքները բացահայտելու նպատակով NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է մոդել եւ գեղեցկուհի, «Վիցե միսիս Եվրոպա 2016» Աննա Դեմիրխանյանի հետ, որը չնայած զբաղված առօրյային՝ միշտ հասցնում է հատուկ ուշադրություն դարձնել իր արտաքին տեսքին եւ պահպանել գեղեցիկ կառուցվածքը:

«Առավոտյան շատ վաղ եմ սիրում արթնանալ, այն ժամանակ, երբ ամբողջ քաղաքը քնած է: Սիրում եմ զբոսնել, մի փոքր վազել, իսկ հետո գնում եմ տուն, ցնցուղ եմ ընդունում եւ նախաճաշում: Ուտում եմ այն, ինչ աղջկաս համար եմ պատրաստում: Այդպես ավելի հարմար է (ծիծաղում է)՝ վարսակաձավարի շիլա (հերկուլես) մրգերով, բանան՝ կաթնաշոռով եւ թթվասերով, եւ, իհարկե, մեկ բաժակ սեւ սուրճ եմ ըմպում: Ճաշին ինչ-որ բուտերբրոդ եմ ուտում, կամ իմ սիրած ձեւով պատրաստած կարտոֆիլ, կանաչեղենով աղցան: Իսկ երեկոյան ընթրիքն ինձ համար ամենակարեւորն է՝ բուրգերներներ եւ նմանատիպ կշտացնող ուտեստներ եմ սիրում, քանի որ առջեւում գիշեր է, այսինքն՝ երկար ժամեր պետք է անցկացնենք առանց ուտելիքի: Առհասարակ, ես սիրում եմ համեղ ուտել»,-ասում է Աննան՝ հավելելով, որ երբեք դիետա չի պահել.

 «Ի ուրախություն ինձ՝ ավելորդ քաշ էլ չեմ ունեցել: Հուսով եմ՝ աչքով չեմ տա ինքս ինձ (ծիծաղում է)»:

Քնելու հետ կապված խնդիրներ Աննանն եւս չունի.

«Ես օրվա ընթացքում այնքան շատ եմ մի տեղից մյուսը վազում, որ հենց գլուխս դնում եմ բարձին, անմիջապես քնում եմ: Կախված է, թե երբ եմ ավարտում գործերս եւ երբ է քնում աղջիկս»,-ասում է մոդելը, որն իր սննդակարգից չի բացառում իր սիրելի մթերքները. ուտում է այն, ինչ ցանկանում է:

«Աշխատում եմ միշտ լավ տեսք ունենալ: Հնարավորության դեպքում շաբաթը 1-2 անգամ մարզասրահ եմ հաճախում, իսկ առավոտյան վազքով զբաղվում եմ շաբաթվա մեջ 3 օր»:

Աննայի կարծիքով՝ կնոջ գեղեցկության գրավականը սիրված լինելու մեջ է.

 «Եթե կինը սիրված է իր սիրելի տղամարդու կողմից, նա իրեն արդեն գեղեցիկ է զգում: Ուզում եմ ավելացնել, որ գեղեցկությունը լցրած շուրթերի, դաջված հոնքերի եւ նմանատիպ բաների մեջ չէ: Գեղեցկությունը խնամված լինելն է, երբ ունես առողջ մաշկ, հարդարված մատներ, մաքուր վարսեր:) Խնամված ու կոկիկ լինելն է գեղեցիկ, ահա, թե ինչն է օգնում, որ ինձ հմայիչ զգամ»:

Մոդելը կանանց խորհուրդ է տալիս լինել հնարավորինս յուրահատուկ եւ անհատական.

«Կցանկանայի, որ աղջիկներն ու կանայք պահպանեին իրենց անհատականությունը: Եթե ինչ-որ մեկը դրան հասնելու համար շեշտը դնում է ճչան հագուստի վրա, ինձ համար անհատականությունն այն է, երբ դու չես վազում նորաձեւության հետեւից, չես կրկնօրինակում նույն քիթը, շուրթերը, այտոսկրերը, հոնքերը, ինչպես շատերն են անում:

Գեղեցկությունը չունի չափանիշներ: Յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի, երբ պահպանում է իր բնական գեղեցկությունը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE