Հռիփսիմե Խուրշուդյան. «Երեխայիս 3 ամսականից ստիպված եմ հանձնել տատիկին»

20:05   9 ապրիլի, 2013

Հռիփսիմե Խուրշուդյանի հղիության մասին NEWS.am STYLE-ը պատմել էր մի քանի ամիս առաջ: Այս անգամ եւս մեր զրույցի թեման նրա հղիությունն էր եւ այդ մասին նորությունները:

Հռիփսիմե, արդեն զգու՞մ եք ինչ-որ փոփոխություններ ձեր կյանքում:

Անշուշտ: Աննկարագրելի զգացողություններ՝ կապված երեխայի առաջին շարժման հետ, շուտով մայր դառնալու հետ: Դարձել եմ ավելի զգայուն, բայց միեւնույն ժամանակ ավելի վստահ եմ ինձ զգում: Ամենաերջանիկ շրջաններից մեկն եմ ապրում:

Ձեզանից ի՞նչը կցանկանայիք փոխանցել բալիկին:

Երեխան իր ծնողների, իր գերդաստանի գեներ կրողն է լինում: Կարծում եմ, իմ դեպքում էլ բացառություն չի լինի: Անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել, բայց շատ կցանկանամ, որ ինձ պես նպատակասլաց լինի: Եւ կապ չունի, թե որ բնագավառում կկայանա: Ինչ էլ որ անի, թող պայքարող լինի: Այ հենց դա կուզեմ նրա մեջ տեսնել:

Սեռը եւ անունը արդեն կարո՞ղ ենք բարձրաձայնել:

Ոչ, ես դա դեռ չեմ ցանկանում: Կսպասեմ: Թող երեխաս առողջ լույս աշխարհ գա, այդ ժամանակ մեծ ուրախությամբ կկիսվեմ բոլորի հետ: Անունը նույնպես: Միայն կնշեմ, որ եթե տղա լինի, ամուսնուս հոր անունը կկրի: Իսկ եթե աղջիկ ծնվի, սիրուն անուն կընտրենք, որը դեռ չեմ ասի:

Իսկ մուլտֆիլմեր սիրու՞մ եք:

Շատ եմ սիրում: Հատկապես Tom & Jerry-ն: Այն ինձ եւ իմ փոքր քրոջ պատմությունն է հիշեցնում: Մենք շատ էինք իրար հետ կապնված: Սակայն այնպես ստացվեց, որ ոչ ես կարողացա նրա հարսանիքին ներկա գտնվել, ոչ էլ նա իմ: Իսկ հիմա երկուսս էլ հղի ենք, սակայն նա ապրում է Ռուսաստանում:

Հղիության ընթացքում ոչ մի կերպ չե՞ք մարզվում:

Ոչ, որովհետեւ դա կարող է վնասել փոքրիկիս: Քայլում եմ եւ թեթեւ շարժումներ անում, որպեսզի պահպանեմ կազմվածքս:

Երեխայի հագուստ գնում ե՞ք:

Մարտի 8-ին ամուսինս ինձ նվիրեց մի տուփ: Երկար գուշակում էի, թե ինչ կարող է լինել ներսում: Երբ բացեցի, տեսա փոքրիկի հագուստի մի քանի նմուշներ: Անչափ ուրախ էի: Դրանից հետո սկսել եմ մտածել նաեւ գնելու ուղղությամբ:

Ինչպե՞ս եք համատեղելու աշխատանքն ու փոքրիկին:

Ցավոտ թեմա է: Ստիպված եմ լինելու 3 ամսեկանից երեխայիս թողնել տատիկի խնամքին: Պիտի պատրաստվեմ 2016 թվ. Օլիմպիական խաղերին: Նպատակս ոսկե մեդալն է լինելու: Եւ միայն դրանից հետո լիարժեք կզբաղվեմ փոքրիկովս: Սակայն, իհարկե, սպորտից չեմ հեռանա:

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE