Rosa Clara-ից զգեստ, 5 աստղանի հյուրանոց, 300 ոստիկան. այսօր Լիոնել Մեսսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքն է

11:31   30 հունիսի, 2017

Դե ինչ, այսօր Արգետինայի Ռոսարիո քաղաքում տեղի կունենա Լեո Մեսսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը։

Այս պահին բրիտանական Daily Mail պարբերականն արդեն որոշ մանրամասների է տիրապետում։ 

Հարսանիքը տեղի կունենա City Center Rosario 5 աստղանի հյուրանոցային համալիրում։

Անտոնելան խորանի առջեւ կկանգնի իսպանական Rosa Clara ապրանքանիշի զգեստով. այս դիզայներն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Եվա Լոնգորիան եւ Սոֆիա Վերգարան, ինչպես նաեւ հագուստ է կարել Իսպանիայի թագուհու համար։ 

Հյուրանոցին հարակից փողոցներում կպարեկեն 300 ոստիկաններ, իսկ Մեսսիին եւ նրա հայտնի հյուրերին կհսկի Իսրայելից թիկնապահների թիմը (հատուկ նշանակության ջոկատների նախկին զինծառայողներ)։ Ի դեպ՝ Մեսսին միշտ օգտվում է նրանց ծառայություններից։

Հայտնի հյուրերն արդեն քաղաք են ժամանում։ Հայտնի չէ, թե որ եկեղեցում տեղի կունենա արարողությունը։

Հարսանիքին կերգի Սերխիո Ագուերոյի կինը՝ Կարինան։

Հնարավոր է՝ նաեւ Շակիրան, ինչպես նաեւ ուրուգվայական Rombai եւ Marama խմբերը։

Հայտնի է նաեւ տոնական ճաշացանկի մասին։ Շեֆ խոհարարը հյուրերին լավ տրամադրություն կհաղորդի խոզապուխտի, պաշտետների ու պանիրների տեսականիով, իսկ գլխավոր ուտեստները կլինեն արգենտինական ապուրն ու սթեյքը։

Միջոցառմանը 155 լրագրող է հավատարմագրված, սակայն նրանց զգուշացրել են, որ չեն կարող հյուրերին մոտենալ։

Տասը տարվա հարաբերություններից հետո Մեսսին որոշել է օրինականացնել դրանք։ Լիոնելն ու Անտոնելան երկու որդի ունեն՝ 4-ամյա Տյագոն եւ մեկ տարեկան Մաթեոն։



© NEWS.am STYLE