«Չեմ նկարահանվի այն ֆիլմերում, որտեղ չկա ասելիք». Աննա Սարգսյանը՝ կինոյի, սիրելի դերասանների եւ իր երազած կերպարի մասին

12:31   30 հունիսի, 2017

«Կինոյի մասին»՝ այսպես է կոչվում NEWS.am STYLE-ի նոր խորագիրը, որի շրջանակներում հայտնիների հետ կխոսենք իրենց սիրելի ֆիլմերի եւ դերասանների մասին, ինչպես նաեւ կբացահայտենք, թե որ ֆիլմերում կցանկանային նկարահանվել եւ որ ժանրում երբեք չէին նկարահանվի:

Մեր խորագրի առաջին հերոսուհին «Որբերը» եւ «Երանի» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Աննա Սարգսյանն է, որը չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն հասցրել է ձեռք բերել ճանաչում եւ երկրպագուների մեծ բանակ:

 «Ֆիլմեր շատ եմ սիրում դիտել, երեւի այն պատճառով, որ քիչ, թե շատ, այդ բնագավառի հետ կապ ունեմ: Բացի ֆիլմերից հետաքրքրվում եմ նաեւ սյուժեով եւ դերասանական խաղով»,-ասում է Աննան՝ հավելելով.

«Կոնկրետ չկա որեւէ ժանր, որը շատ եմ սիրում: Բոլոր ժանրերի ֆիլմերն էլ նայում եմ,  բնական է՝ լինում են ֆիլմեր, որոնք հավանում եմ եւ լինում է հակառակը: Միայն չեմ սիրում դիտել այն ֆիլմերը, որոնք իրականության հետ կապ չունեն»:

Դերասանուհին նշեց, որ չկա մի դերասան, որին չսիրի, փոխարենը՝ հաճույքով նշեց այն անունները, որոնց գործունեությանը հատկապես հետեւում է.

«Շատ եմ սիրում Ջերարդ Բաթլերին, Անջելինա Ջոլիին, Լեոնարդո Դիապրիոյին եւ Դուեյն Ջոնսոնին»:

Յուրաքանչյուր դերասանի համար կան դերեր, որոնցով նա առավել հետաքրքրված է: Աննան եւս բացառություն չէ.

«Կցանկանայի մարմնավորել գաղտնի գործակալի. դա մանկությանս երազանքն է: Նաեւ կցանկանայի կերտել հոգեկան շատ ծանր ապրումներ ունեցող մի կերպարի»:

16-ամյա դերասանուհին նշում է, որ երբեք չի նկարահանվի այն ֆիլմերում, որտեղ չկա ասելիք եւ իմաստ՝ հավելելով, որ չի խուսափի կերտել նաեւ բացասական հերոսների.

 «Տարբերություն չեմ սիրում դնել դրական եւ բացասական դերերի միջեւ: Երկուսն էլ ինձ համար խաղարկային են: Մարդիկ վախենում են կերտել բացասական հերոսների՝ մտածելով, որ իրենց չեն սիրի, ինչի պատճառով էլ քննադատությունների կարժանանան, սակայն, եթե չեն սիրել բացասական կերպարդ, ուրեն իսկապես խաղդ բնական է ստացվել: Ես ինքս մարմնավորել եմ եւ բացասական, եւ ծայրահեղ դրական կերպարների: Երբեք չեմ վախեցել կերտել բացասական հերոսուհու. դա ավելի բարդ է իրականում»:

Իսկ վերջում դերասանուհուն խնդրեցինք նշել 5 ֆիլմ, որոնք խորհուրդ կտա դիտել NEWS.am STYLE-ի ընթերցողներին: Ահա, թե որոնք են Աննայի նախընտրած ֆիլմերը.

 «Առաջին ֆիլմը, որը կառանձնացնեի, կոչվում է «Սան Անդրեաս»: Այս ֆիլմն այն մասին է. թե ինչպես է հայրն ամեն գնով փրկում դստերն ու նախկին կնոջը: Շատ հետաքրքիր ֆիլմ է, այն մի քանի անգամ դիտել եմ: Հաջորդ ֆիլմը «Փոխանակում»-ն է:  Անջելինա Ջոլիի մասնակցությամբ այս ֆիլմը ցույց է տալիս մայրական բնազդը, մոր ապրումները, երբ երեխան անհետանում է:

Խորհուրդ կտամ դիտել նաեւ «Օրինավոր քաղաքացին»: Այն մի տղամարդու մասին է, որի աչքի առաջ սպանում են կնոջը եւ երախային. նա 10 տարի անց վրեժ է լուծում թե մարդասպանից, թե այն մարդկանցից, ովքեր սխալվել էին…  Իսկ «Հատիկո»-ն այն ֆիլմն է, որը դիտել եմ երեւի 100 անգամ եւ նույնքան էլ պատրաստ եմ դիտել: Ամեն անգամ հուզվել եմ այն դիտելիս: Իսկ վերջին ֆիլմը, որն առանձնացրեցի, կոչվում է «Մեր միջեւ տիեզերքն է»: Սա մի տղայի մասին է, որը ծնվել է Մարսի վրա, սակայն սիրահարվում է Երկիր մոլորակից մի աղջկա եւ ամեն ինչ անում է, որպեսզի հասնի Երկիր մոլորակ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE