Ռիկի Մարտինը փառահեղ հարսանիք է պատրաստում հայկական արմատներով զուգընկերոջ հետ

12:11   1 հուլիսի, 2017

Վերջերս մենք հետևում էինք Ռիկի Մարտինին՝ «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի նոր եթերաշրջանում նրա դերի կապակցությամբ, որտեղ նա մարմնավորում է Ջանի Վերսաչեի սիրեկանին (նոր եթերաշրջանը նվիրված է հանրահայտ դիզայների սպանությանը)։

Բայց այս ամենը մի կողմ թողնենք եւ ուշադրություն դարձնենք Ռիկի Մարտինի հայտարարությանը՝ Պուերտո Ռիկոյում նրա գալիք հարսանիքի կապակցությամբ։ Ռիկին ամուսնանում է նկարիչ Ջվան Յուզեֆի հետ, որը հայկական արմատներ ունի։
Celebitchy.com-ի փոխանցմամբ, հարսանիքը ինտերնացիոնալ է լինելու։

«Հարսանիքը ինտերնացիոնալ է լինելու, տարբեր երկրներից հյուրեր են մասնակցելու, քանի որ Յուզեֆը, որը երկար ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում, ծնունդով Շվեդիայից է եւ ունի սիրիական ու հայկական արմատներ։ Բոլորը խոսում են հարսանիքի մասին, բայց ոչ ոք չի խոսում հարսանիքի պլանավորման մասին, քանի որ դա սարսափելի բարդ գործ է։ Ես այդ մասին չէի կռահում, քանի դեռ ինքս չսկսեցի պլանավորել մեր պատկերացրած հարսանիքը։
Իրադարձությունը փառահեղ է լինելու՝ աղմկող եւ ուրախ, ինչպես ընդունված է Լատինական Ամերիկայում։ Ուզում եմ, որ հարսանիքն անցնի իմ հայրենիքում՝ Պուերտո Ռիկոյում»,- ասել է հանրահայտ երգիչը։

Նշենք, որ Մարտինի ու Ջվանի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2016-ի գարնանը, երբ նրանք միասին ներկայացել էին amfAR Inspiration Gala երեկույթին՝ Սան Պաուլուում։



© NEWS.am STYLE