NEWS.am STYLE-ի նոր խորագիրը. «Իմ պատմությունը»

19:15   9 ապրիլի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմաթիվ նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, ուր յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն: Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը, իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

Եվ այսպես, ահա մեր խմբագրություն ստացված առաջին նամակը՝ Լուսինե անունով աղջկա կողմից:

«Առավոտը սկսվեց ինչպես միշտ: Ես բացեցի աչքերս, ձգվեցի եւ նայեցի ժամացույցին… Ինձ հեղեղեցին հիշողություններ, որոնք արդեն մի քանի ամիս հանգիստ չեն տալիս: Իսկ անձրեւը, քամին եւ ամպամած եղանակը միայն սրեցին անցյալ վերադառնալու ցանկությունը: Չնայած ես ոչինչ չէի փոխի: Հաղթահարելով հորդացող արցունքները՝ վեր կացա եւ շարժվեցի դեպի խոհանոց՝ մի բաժակ հյութի հետեւից…

Որոշ ժամանակ առաջ իմ կյանքում հեքիաթ սկսվեց: Ծաղիկներ, երկար սպասված սիրո խոստովանություններ եւ սիրելիի հետ առաջին գիշերը: Խաբելով մորս եւ ասելով, որ գիշերելու եմ ընկերուհուս տանը՝ ուղեւորվեցի նրա հետ ժամադրության…

Հրաշալի երեկո անցկացրեցինք: Ես մտածում էի. «Մի՞թե այսօր երեկոյան դա տեղի կունենա: Իսկ հետո մենք կամուսնանանք, երեխաներ կունենանք…»: Դե գիտեք, նման միամիտ մանկական երազանքներ…

Առաջին գիշեր… Դրա մասին գրեթե ոչինչ չեմ հիշում: Շատ ցավոտ էր, բայց նա գրկել էր ինձ եւ երկար շշնջում էր, որ սիրում է…

Մեկ շաբաթ անց վիճեցինք: Նա անհետացավ: 2 ամիս անց հասկացա, որ հղի եմ: Զանգահարում էի, հանդիպում փնտրում, ընդհանուր ընկերների միջոցով փոխանցում իմ նորությունը… Բայց այդպես էլ չհասա խոսակցության: Մի ծանոթի միջոցով փոխանցեց, որ աբորտի համար գումար կտա:

Հիշում եմ իմ վիճակը: Հիշում եմ՝ ինչպես էի ինձ անիծում իմ այդ թուլության համար, ինչպես էի արտասվում ընկերուհուս ուսին: Հիշում եմ՝ ինչպես իմացավ մայրս եւ զայրացավ երեխայից ազատվելու մտքերի համար…

Մայրիկ… Իմ ամենահարազատ մարդն աշխարհում: Դու ինձ մենակ ես դաստիարակել, այդ պատճառով, իմանալով հանդերձ՝ ինչ է ինձ սպասվում, թույլ չտվեցիր եւս մեկ հիմարություն անել: Նույնիսկ մանրամասները չհարցրեցիր, ես ինքս ամեն ինչ պատմեցի…

Իսկ հիմա մենք երեքով ենք. ես,մայրս եւ իմ ապագա աղջիկը: Ես հղիության 6-րդ ամսում եմ եւ անհամբերությամբ սպասում եմ իմ փոքրիկի հետ հանդիպման:

Իսկ քեզ շնորհակալ եմ: Այն բանի համար, որ իմ մեջ սպանեցիր երազողին: Ես ոտքի կկանգնեմ եւ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Եվ մեզ հարկավոր չէ տղամարդու դեմքի հետեւում թաքնվող անարժան մարդը: Մեզ մոտ անպայման ամեն ինչ լավ է լինելու…

Իմ պատմությունը գրեցի միայն մեկ նպատակով: Աղջիկներ, մի՛ հավատացեք խոստումներին եւ գեղեցիկ խոսքերին: Խնայեք ձեզ: Ձեզ ոչնչություններին մի նվիրեք: Հավատացեք, հետո կհանդիպենք ձեր միակին, իսկ այդ մանկական սխալները կկանգնեն ձեր միջեւ: Ես ստացել եմ իմ պարգեւը. երեխա եմ ունենալու: Իսկ եթե իմ փոքրիկն ինձ հետ չլինե՞ր: Չգիտեմ՝ ինչպես էի շարունակելու ապրել…»:



© NEWS.am STYLE