Հայ գործարարի որդու շքեղ հարսանիքը Dolby Theatre-ում՝ Լեդի Գագայի, Բասկովի, Սոբչակի եւ այլ աստղերի մասնակցությամբ

23:11   2 հուլիսի, 2017

Լոս Անջելեսի հեղինակավոր՝ Dolby Theatre-ում, որտեղ «Օսկարի» մրցանակաբաշխությունն է անցկացվում, տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքը:

Հանդիսությունը վարել են Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը, իսկ հյուրերի առջեւ ելույթ են ունեցել Լեդի Գագան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան: Աստղերն, ի դեպ, գաղտնի են պահել Լոս Անջելեսում հարսանիքին իրենց ելույթները: Գայթակղությանը չի դիմացել Քսենիա Սոբչակը, որն  Instagram-ում փոքրիկ հոլովակ է հրապարակել՝ գրելով.

«Ամեն օր չէ, որ հնչեցնում եմ Լեդի Գագայի անունը»:

Публикация от Ксения Собчак (@xenia_sobchak)

Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա Dolby Theatre-ում յուրաքանչյուր աստիճան զարդարված է եղել ծաղկային կոմպոզիցիայով: Հյուրերին աստիճանների մոտ դիմավորել են ջութակահարները:

Հյուրերի թվում է եղել նաեւ ոսկերիչ Լորի Ռոդկինը, որն Instagram-ում հարսանիքի մասին գրել է. «Չեմ հասկանում՝ Հայաստանու՞մ եմ, թե՞ Ռուսաստանում, թե՞ հայկական «Ձայնը» շոուում»:

Թե որքան է արժեցել նման հարսանիքը գործարարներին, կարելի է միայն կռահել: Ծաղկային դեկորացիան՝ կես միլիոն դոլար, արտիստների ներկայությունը՝ եւս երկու միլիոն դոլար:

Հավելենք, որ Էլդար Օսմանովը հանդիսանում է «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատերը, իսկ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը՝ «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, ինչպես նաեւ՝ «Yota» ընկերության բաժնետեր: Նա ծնունդով Կրասնոդարից է: Չորս երեխա ունի: Կնոջ հետ բնակվում է Բեւերլի Հիլզում գտնվող առանձատանը, որի արժեքը կազմում է 13 մլն դոլար:  

Աղբյուրը՝ KP.ru



© NEWS.am STYLE