Հնդկաստանում հայտնի մոդել Ալյոնա Թադեւոսյանը ներկայացնում է Հայաստանը Top Model of the World մրցույթում

13:05   3 հուլիսի, 2017

Երեկ՝ հուլիսի 2-ին, Եգիպտոսում մեկնարկել է Top Model of the World գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Հնդկաստանում հայտնի հայ մոդել Ալյոնա Թադեւոսյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ալյոնան նշեց, որ մրցույթին մասնակցելու առաջարկը  ստացել է «Թոփ մոդել Հայաստան» մրցույթի քասթինգն անցնելուց հետո.

«Top Model of the World-ը շատ հեղինակավոր ու բարձր մակարդակով կազմակերպված մրցույթ է: Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եւս մեկ անգամ իմ երկիրը ներկայացնելը»,-ասում է Ալյոնան:

«Հուլիսի 1-ին եմ ժամանել Եգիպտոս: Մրցույթի եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին: Ի ուրախություն ինձ՝ այս տարի ծնունդս այստեղ եմ նշելու՝ հուլիսի 12-ին: Մրցույթի վերջնական փուլում ներկայանալու ենք լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով: Նաեւ ֆոտոշարքերի ենք մասնակցելու»,-նշում է մոդելը՝ ավելացնելով, որ տրամադրությունը շատ բարձր է, քանի որ մրցույթին մարտական է տրամադրված:

«Այստեղ ամեն ինչ շատ եմ հավանում: Ակնկալում եմ ինձ հետ վերցնել այն, ինչ հնարավոր է, ստանալ այդ դրական էներգետիկան եւ, ինչո՞ւ ոչ, հաղթել: Հավատացեք՝ Հայաստանն այստեղ ապահով ձեռքերում է: Ամեն ինչ կանեմ, որ բարձր պահեմ մեր երկրի անունը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE