Երեւանյան էսքիզներ. Բլյուզ. երբ Կոմիտասը փոքր-ինչ Բիլլի է դառնում

22:06   3 հուլիսի, 2017

Օպերայի մոտ միշտ բլյուզ է լսվում:

Ու հարցը ժանրը չէ:

Ոչ էլ անգամ այն, որ այս քաղաքում մոլորվել հնարավոր չէ: 

Դուրս գալ սենյակից, ճանապարհից թեքվել  յոթ «շլակբաումից» այն կողմ ու պատահաբար դեմ առնել կյանքին: 

Կոնսերվատորիայի մոտ ամեն երեկո Գևորգը՝ վանդակավոր կլյոշ շալվարով ու կիթառով, նվագում է հատուկ քեզ համար: Ամեն անգամ, երբ կիթառի լարը փրթվում է, փոխում է այն` ասելով. «Բիլլի, արվեստը չի մեռնում»:

Այսօր Բիլլին կլինեմ ես ու կհավատամ:

Ու կձևացնեմ, թե հավատում եմ:

Այս քաղաքում ապրում են ֆանտաստիկ մարդիկ ու ժամանակ չունեն կյանքի մասին մտածելու:

Նրանք ժամանակ չունեն մտածելու, դրա համար նվագում են:

Ամեն երեկո  քեռի Կոմիտասը մի քիչ դառնում է Բիլլի ու փորձում է չմտածել: Կոնսերվատորիայում տարօրինակ լուրեր են տարածվել`

քաղաքի,

կյանքի,

լարերի մասին:

Գևը կատարում է «Լռությունը», ու հարցը ժանրը չէ:

Այս քաղաքում ապում են նրանք, ովքեր կարողանում են ապրել ու նրանք, ովքեր՝ չէ:

Նստարանին շարվում են երևանցիներ, հնդիկներ, աֆրոամերիկացիներ (ավելի քիչ Ամերիկա, ավելի շատ Աֆրո), ու սա հիանալի է՝ հաշվի առնելով, որ վերջիններս ստեղծել են բլյուզը, ինչպես նաև վաղ ջազն ու ռեգթայմը:

Բիլլի, ով էլ որ դու լինես, թքած ստեղծողների վրա՝ պահիր ռիթմը:

Աղջիկը վազում է վանդակավոր կլյոշ շալվարով ու կլոր ակնոցով կիթառահարի մոտ, դնում է փողը ճամպրուկի վրա ու արագ հետ վազում մոր մոտ:

Մի օր Գևորգը այս ճամպրուկով կթռչի ուրիշ քաղաք՝ մոլորվելու:

Իսկ մինչ այդ, բոլոր նրանց համար, ովքեր դեռ Բիլլի են՝ արվեստը չի մեռնում:

Վեներա Ավետիսյան



© NEWS.am STYLE