Երեւանյան կինոազդ․ «Օժտվածը». դրամա՝ տաղանդավոր երեխայի դաստիարակության դժվարությունների մասին

18:07   3 հուլիսի, 2017

«Օժտվածը» հուզիչ դրամա է, որը ներկայացնում է տաղանդավոր երեխայի դաստիարակության դժվարությունները։ Կինոնկարի գլխավոր հերոսուհին՝ Մերի անունով (ՄակՔենա Գրեյս), օժտված է տարիքի համար զարգացած ուղեղով եւ 8 տարեկանում հանճարեղ մաթեմատիկոս է։ Ըստ էության, սա ճակատագրական դրամա է, որտեղ աղջկա տատիկը եւ քեռին փորձում են պարզել, թե իրենցից ով պետք է նրան դաստիարակի։ Իսկ նրա մայրը մահացել է դեռեւս այն ժամանակ, երբ Մերին տակավին մանուկ էր։

Քեռին, ում դերը կատարել է Քրիս Էվանսը, եւ տատիկը (Լինդսի Դունկան) դաստիարակության հարցում սկզբունքորեն տարբեր տեսակետներ ունեն։ Եվ հենց այս պահից է բացահայտվում կինոնկարի հիմնական սյուժեն։ Տատիկը փորձում է աղջկա մաթեմատիկական տաղանդը խորացնել լարված պարապմունքների ճանապարհով։ Իսկ քեռին, հիշելով քրոջ՝ Մերիի մոր կործանված կյանքը, չի ցանկանում երեխայից մանկությունը խլել։ Երկու ծայրահեղությունը, որի մեջ հայտնվում են ազգականներից երկուսն էլ, Մերիի կյանքը դժվարացնում է։

Ֆիլմի գլխավոր ուղերձ կարելի է համարել փոխզիջում գտնելու անհրաժեշտության մասին միտքը, նաեւ միայն սեփական նպատակները հետապնդելով՝ եսասեր չլինելու, պատասխանատվություն ստանձնելուց չվախենալու եւ այն միտքը, որ չարժի ծայրահեղությունների մեջ ընկնել՝ որքան էլ բարի նպատակներ հետապնդեք, եւ, իհարկե, սիրո մասին միտքը։

Ֆիլմի ընթացքում հերոսները շատ բան են իմանում իրենք իրենց մասին, գիտակցում սեփական սխալները․ ամեն ինչ դրամայի լավագույն ոգով է ծավալվում։ Արդյունքում՝ հանդիսատեսին է ներկայանում անչափ հաճելի եւ բարի ժապավեն, որը մտորելու տեղիք է տալիս, դերասանական լավ աշխատանքով եւ հուզիչ (բնականաբար, իր ժանրի մեջ) տեսարաններով ժապավեն։
Իհարկե, սա ամենահանճարեղ ֆիլմը չէ, ուստի ինչ-որ մեկին կարող է տհաճ, շատ քաղցրումեղցր եւ նույնիսկ ձանձրալի թվալ, բայց այն, այնուամենայնիվ, կարող է նաեւ դրական զգացումներ առաջացնել։

Կինոնկարի ռեժիսորը բավականին հայտնի Մարկ Ուեբն է, որը նկարահանել է «Սարդը» եւ «Ամռան 500 օրը»: Սակայն ֆիլմը խորհուրդ է տրվում տնային դիտման համար, իհարկե, եթե ձեզ հոգնեցրել են բլոքբաստերները եւ դուք ցանկանում եք Քրիս Էվանսին տեսնել առանց վահանի եւ աստղագծավոր պիժամայի, ապա մեծ էկրանը ձեզ կօգնի։ Շատ հարմար է ռոմանտիկ ժամադրությունների եւ հանգստյան օրերին ընտանեկան դիտման համար։
«Օժտվածը» ֆիլմը փառատոնային դրամա է, փոքր, համեստ կինոնկար, որը նախատեսված չէ դրամական ահռելի մուտքերի համար եւ ուղղված է ոչ թե զանգվածային, այլ սեփական հանդիսատեսին։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE