Ո՞վ էր Ա.Դ.-ն եւ ինչո՞ւ էր տանջում «Փոքրիկ խաբեբաներին». ամերիկյան հայտնի հեռուստասերիալի վերջին սերիան

20:33   3 հուլիսի, 2017

Օրերս ավարտին մոտեցավ ամերիկյան հայտնի «Փոքրիկ խաբեբաները» (Pretty Little Liers) հեռուստասերիալի վերջին՝ 7-րդ եթերաշրջանը: Որքան էլ, որ անհավանական է եւ որոշ երկրպագուների համար ցավալի, դա հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանն էր, որով էլ ավարտվեց հմայիչ ընկերուհիների եւ նրանց փորձությունների մասին պատմող այս սերիալը:

Բոլոր նրանց, ովքեր դեռեւս չեն դիտել ֆիլմի եզրափակիչ մասը, տեղեկացնենք, որ Սփենսերին, Արիային, Էմիլիին, Հաննային եւ Էլիսոնին վերջապես հաջողվում է պարզել, թե ով էր այսքան տարիների ընթացքում իրենց տանջում սարսափելի հեռախոսազանգերով եւ սպառնալիքներով: Չբացահայտելով ինտրիգային մանրամասները՝ տեղեկացնենք, որ երկրպագուները զարմանք կապրեն իմանալով Ա.Դ-ի անունը եւ տեսնելով նրա դեմքը:

Եթե դեռ նրան փնտրում եք ձեզ հայտնի հերոսների մեջ, ապա մի փոքր հիասթափություն կապրեք, քանի որ վերջին սերիայում ֆիլմն անհավանական զարգացումներ է ունենում: Հուսադրող է միայն այն փաստը, որ, ի վերջո, աղջիկներին հաջողվում է վերջ դնել իրենց տառապանքերին եւ ապրել սովորական կյանքով, սակայն ֆիլմի ավարտը, կարծես թե, ենթադրում է նոր պատմության սկիզբ:

Ինչեւէ, մինչ նրանք, ովքեր դեռ չեն դիտել ֆիլմի ավարտը, փորձում են գուշակություններ անել դրա վերաբերյալ, ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ «Փոքրիկ խաբեբաները» հեռուստասերիալի մասին:

Հեռուստասերիալի սցենարը գրել է Մերլին Քինգը՝ որպես հիմք ընդունելով Սառա Շեփարդի համանուն՝ «Փոքրիկ խաբեբաները» գիրքը:

Ֆիլմի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2010 թ-ին: Սկզբնական շրջանում այն բաղկացած էր 10 մասից, սակայն ABC-ի հետարքրքությունը մեծանում է ֆիլմի հանդեպ եւ ստեղծագործական կազմին խնդրում են առաջին եթերաշրջանը համալրել եւս 12 սերիայով:

Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհիներն են Արիան, Սփենսերը, Էմիլին, Հաննան եւ Էլիսոնը, որոնց մարմնավորում են դերասանուհիներ Լյուսի Հեյլը, Թրոյան Բելիսարիոն, Շեյ Միտչելը, Էշլի Բենսոնն ու Սաշա Պիետերսը:

Ֆիլմում Սփենսերն ամենախելացին է աղջիկների մեջ, նա ամենալավն է սովորում դպրոցում եւ ստանում է ամենաբարձր գնահատականները: Նրան մարմնավորող Թրոյան Բելիսարիոն իրական կյանքում եւս գերազանցիկ է: Նա համալսարանն ավարտել է ամենաբարձր գնահատականներով:

Երկրպագուների կողմից շատ էր սիրվել ոչ միայն հեռուստասերիալի սցենարը, այլեւ նախաբանում հնչող սաունդթրեքը՝ The Pierce խմբի «Secret» երգը, որն, ի դեպ, ընդգրկվել է Հաննային մարմնավորող Էշլի Բենսոնի առաջարկով:

Ի դեպ, ի սկզբանե Հաննային պետք է մարմնավորեր ոչ թե Էշլին, այլ Սաշա Պիետերսը, որը սերիալում մարմնավորում է Էլիսոնին: Այդ ժամանակ նա 13 տարեկան էր: Իսկ Շեյ Միտչելը, որը Էմիլիին է մարմնավորում, պետք է կատարեր Սփենսերի դերը: Համաձայնվեք՝ հրաշալի է, որ ռեժիսորն, ի վերջո, հետ է կանգնել իր որոշումից:)

Ֆիլմի ամենաքննարկիվող սիրավեպն Արիայի եւ Էզրայի սիրո պատմությունն էր: Սակայն Արիային մարմնավորող Լյուսի Հեյլը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ եթե իրական կյանքում ինքը լիներ Արիան, ապա կընտրեր ոչ թե Էզրային, այլ ֆիլմում Սփենսերի բոյֆրենդին՝ Թոբիին:

Հատկանշական է այն փաստը, որ ֆիլմի կերպարներից ոչ-ոք չի համապատասխանում գրքի կերպարներին: Օրինակ՝ Արիան գրքում կապուտաչյա սեւահեր է, Սփենսերը՝ կանաչաչյա շիկահեր, Հաննան կարմրահեր է, իսկ Էմիլին՝ բաց աչքերով շիկահեր: Բացի դա՝ Էմիլին գրքում ոչ թե լեսբուհի է, այլ բիսեքսուալ:

«Փոքրիկ խաբեբաների» մասին հետաքրքիր փաստերն այնքան շատ են, որքան ֆիլմի հերոսուհիների գաղտնիքները: Առաջարկում ենք դիտել հեռուստասերիալի վերջին սերիան եւ կիսվել տպավորություններով: Այն կարող եք դիտել այստեղ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE