Yerevan Color Run 2017. մասնակիցներ՝ անգամ Չինաստանից

13:45   4 հուլիսի, 2017

«Երեւանյան գունազարդ վազք 2017» միջոցառումն այս տարի կկայանա հուլիսի 16-ին՝ Հանրապետության հրապարակում։ Այսօր՝ հուլիսի 4-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները խոսեցին միջոցառման նպատակների մասին, ինչպես նաեւ ծանոթացրեցին մասակցության պայմաններին։

«Այս տարի գունազարդ վազքը կանցկացվի ավելի մասշտաբային եւ ավելի գունեղ։ Միջոցառումն անցկացվում է բարեգործական նպատակով։ Շարունաելով մեր ծրագիրը՝ նպատակ ունենք Երեւանի կենտրոնում կառուցել Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակ։ Հասույթի մի մասն էլ տրամադրվելու է «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջեւան-Բերդ ճանապարհի կառուցմանը»,-նշեց Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանը։

Yerevan Color Run 2017 միջոցառումն անցկացվում է «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում։

«Մեր նպատակն է ստեղծել ամառային հանգստի ընթացքում մեր բնակիչների եւ զբոսաշրջիկների հանգիստը»,-ասում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Գունազարդ վազքը» եւս նման կարեւոր գործառույթ կատարող միջոցառում է։

Երեւանի քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջանի խոսքով՝ այս միջոցառումը նպաստում է առողջ ապրելակերպին․

«Այս տարի միջոցառումը տեղափոխել ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի այն ավելի գեղեցիկ եւ հնչեղ դառնա, քանի որ վազքի աշխարհագրությունն էլ է փոխվել։ Գիտեմ, որ նույնիսկ Չինաստանից ունենք մասնակից»,-հավելեց նա։

Կազմակերպիչները վստահ են՝ նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլեւ մեր երկիր այցելած հյուրերի համար։ «Մենք ցանկանում ենք Հայաստանը ցույց տալ դրայվով, գունավոր, եւ այնպիսի հնչողություն տալ միջոցառմանը, որ դրա համար գան Հայաստան»,-նշեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի եւ խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը։

Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են միջոցառմամբ, տեղեկացենք, որ հուլիսի 16-ին առավոտյան ժամը 08։00-ից մասնակիցները պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ գրանցվելու համար։ 09։45-ից կսկսվի նախավարժանք, որից անմիջապես հետո կտրվի վազքի մեկնարկը։ Վազքին կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր ցանկացողները։

«Գունազարդ վազք»-ը միջազգային ձեւաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում եւ Չինաստանում։ Նախագիծը Հայաստանում անցկացվում է 2015 թ-ից։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE