Հինգ սովորույթ, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

15:06   5 օգոստոսի, 2017

Համեմատելու սովորույթ

Ուրիշների հետ ձեզ համեմատելու եւ մյուսներին ներքեւից վերեւ նայելու սովորույթը կախվածության հստակ նշան է: Ժխտելով ձեր ինքնատիպությունը՝ դուք դավաճանում եք ձեզ: Ինքներդ ձեզ գնահատելով ուրիշների միջոցով՝ դուք վտանգում եք երբեք ձեզ չճանաչել: Անտեսելով սեփական ուժի աղբյուրը՝ դուք դատապարտված եք տիրոջ որոնումներին, որը (վստահ եղեք) անպայման կգտնվի:

Մրցակցելու սովորույթ

Ավելի լավը լինելու խանդոտ ձգտման տակ թաքնված է ուրիշներից ավելի վատը լինելու զգացողությունն ու հակառակն ապացուցելու ցանկությունը: Քանի դեռ էգոյի ոտնահարումը ձեր միակ խթանն է, մրցավազքի մեջ կապրեք: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ավելի լավն ու ավելի շատ բան ունեն: Պարզապես կյանքն ապրելու, այլ ոչ թե մրցակցելու համար է: Ինքդ քո նման եղիր, այլ ոչ թե հարեւանից լավը:

Հուսալու սովորույթ

Հրաժարվելով հավատալ ինքներդ ձեզ՝ դուք ապրում եք հույսով եւ սպասման մեջ: Դուք հույս ունեք, որ կհայտնվի մեկը, ով ձեզ կտանի կյանքի միջով: Դուք անընդհատ ինչ-որ բանի եք սպասում եւ չգիտեք՝ ինչ ակնկալել: Կյանքը վախեցնում է ձեզ, բայց պատասխանատվությունն ավելի շատ է վախեցնում: Ապրելով ուրիշի սցենարով՝ զրկում եք ձեզ կյանքի մոգությունից: Հրաշքները տրորված ճամփաներին չեն, այլ անհայտ արահետներին: Մի օր համարձակվելով եւ թեքվելով դեպի ձեր ուղին՝ կհայտնաբերեք, որ ուղեկցորդների կարիք չունեք:

Հավանություն փնտրելու սովորույթ

Երբ ինքներդ չգիտեք ձեր գինը, ստիպված եք դիմել կողմնակի գնահատականի օգնության: Արդյունքում դուք անում եք ոչ այն, ինչ ուզում եք, այլ այն, ինչ ավելացնում է ձեր ծառայությունների թիվը: Եվ որքան ավելի շատ են ձեզ ընդունում, այդքան ավելի շատ եք սեփական նշանակությունն ամրապնդելու կարիք ունենում: Փակ շրջան է ստացվում, որից դուրս գալ հնարավոր է՝ հասկանալով, որ ձեր արժեքը ներսից է գալիս, եւ այլոց հավանության ու գնահատականի կարիքը չունեք:

Մանիպուլյացիայի ենթարկելու սովորույթ

Երբ չեք հավատում սեփական ուժերին, օգտագործում եք ուրիշներինը՝ սեփական նպատակներին հասնելու համար: Արդյունքում, ձեր կամքից անկախ, մանիպուլյատոր եք դառնում: Ստիպված եք լինում դիմել տարբեր հնարքների. խղճահարություն առաջացնելու, խիղճ արթնացնելու, մեղքի զգացման վրա խաղալու: Հնարամտությունը զարգանում է, ինքներդ ձեր հանդեպ հավատը՝ ոչ: Օգտագործելով եւ նվաստացնելով ուրիշներին՝ դուք չեք ամրապնդում ձեր ինքնագնահատականը:

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE