Ձեռագործ քող, 150 մետր կտոր եւ թաքնված կոմբինիզոն. ինչպես 3 հայ դիզայներներ ամուսնացան իրենց հեղինակած զգեստներով

15:05   6 հուլիսի, 2017

Հունիսին նոր սերնդի միանգամից երեք դիզայներ՝ Արմինե Մարտիրոսյանը, Արփինե Կոշտոյանն ու Թերեզա Ղարաբաղցյանն ամուսնացան։ Դիզայներներից յուրաքանչյուրը անհամբերությամբ է սպասել կյանքի այդ պատասխանատու եւ կարեւոր օրվան, հատկապես, երբ հարսանեկան զգեստների հեղինակներն էլ հենց իրենք են եղել:

NEWS.am STYLE-ը զրուցել է նորահարսիկների հետ՝ պարզելու նրանց զգեստների ընտրությունն ու դրանց ստեղծման հետաքրքիր պատմությունը.

«Դեռ մանկուց միշտ մտածել եմ, որ ես ինքս պետք է իմ զգեստի հեղինակը լինեմ: Ինձ բծախնդիր մարդ չեմ համարում, շատ հեշտ ստացվեց զգեստիս ընտրությունը: Ես ուղղակի պատկերացրեցի, թե ինչպիսին պետք է լինի այն եւ աշխատանքը վստահեցի իմ թիմին. նրանք ստացան այն, ինչը ես պատկերացրել էի»,-ասում է Արմինեն, որը ցանկանում էր, որ զգեստը լիներ ավանդական, բայց տարբերվող դետալ ունենար.

«Իմ դեպքում այդ դետալը քողն էր, որն ամբողջովին ձեռքի աշխատանք էր: Շատ սեղմ ժամկետներում ենք քողը հավաքել, քանի որ զուգահեռ նաեւ շատ պատվերներ ունեինք, իսկ զգեստը ստեղծվել է մոտ 2 ամսում:

Կորսետի հատվածն ամբողջությամբ մանրակրկիտ ձեռքի աշխատանք է: Ուզում էի էլեգանտ, դասական ու շատ եթերային զգեստ, եւ մենք կարողացանք ստանալ դա»,-նշեց նա:

Ի տարբերություն Արմինեի՝ Արփինեի զգեստը կարվել է հարսանեկան արարողությունից երեք օր առաջ:

«Վաղուց գիտեի հարսանիքիս օրը, բայց աշխատանքս թույլ չէր տալիս ավելի շուտ պատրաստվել:

Սակայն հենց սկսեցինք ստեղծել այն, ես հստակ գիտեի, որ այն պետք է լինի իմ երազանքների շքեղ զգեստը՝ մեծ փեշով: Զգեստը կարելու համար մեզ պետք եկավ 150 մետր կտոր: Այն երկու շերտով էր:

Այդ տարբերակով պսակադրվեցի, որից հետո հանեցի եւ մնացի ավելի կանացի եւ համեստ ոճի զգեստով, որով էլ շարունակեցի հարսանեկան արարողությունս»,-պատմում է նա:

Թերեզան էլ նախտընտրել է այլ կերպ յուրահատուկ դարձնել իր զգեստը։ Մեզ հետ զրույցում դիզայները պատմել է հարսանեկան զգեստի փոքրիկ «գաղտնիքի» մասին.

«Հարսի զգեստս հեղինակային է՝ փոքրիկ հետաքրքիր նոր լուծումով: Այն կոմբինիզոն-զգեստ է, եւ հնարավոր է կրել 2 տարբերակով՝ վերնազգեստով եւ առանց:

Հարսնազգեստի դիզայնի հարցում վերջնական կողմնորոշվեցի, երբ արդեն որոշել էինք խնջույքի ընդհանուր ձեւաչափը: Եվ, պատկերացրեք, դեռ  վերջին օրով զգեստի հուլունքներն էինք հավաքում»:

NEWS.am STYLE-ը երջանկություն է ցանկանում երեք դիզայներներին էլ՝ մաղթելով հարսանեկան զգեստների պես շքեղ եւ գեղեցիկ կյանք:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE