«Ես նույնասեռական եմ, բայց առանց ֆիզիկական կոնտակտի». Էնդրյու Գարֆիլդ

14:22   6 հուլիսի, 2017

Հայտնի դերասան Էնդրյու Գարֆիլդը խոսել է իր սեռական կողմնորոշման մասին: 33-ամյա դերասանը Gay Times-ին տված հարցազրույցում պատմել է ամերիկացի դրամատուրգ Թոնի Քուշների Angels in America պիեսում իր դերի մասին: 

Էնդրյուի մարմնավորած կերպարը նույնասեռական է, որը տանջվում է իր հրեական հավատքի եւ նույնասեռականության միջեւ: Գարֆիլդը հայտարարել է, որ պիեսում դերին պատրաստվելու ժամանակ իրեն օգնել են RuPaul's Drag Race ռեալիթի շոուի սերիաները:
«Ամեն կիրակի ընկերներով հավաքվում ու դիտում էինք RuPaul's Drag Race-ը: Բոլոր սերիաները: Դա իմ կյանքն է պիեսից դուրս: Հիմա ես նույնասեռական եմ, պարզապես առանց ֆիզիկական կոնտակտի»,- կատակել է Գարֆիլդը:

Այս հայտարարությունն արագորեն տարածվել է համացանցում եւ Էնդրյուի երկրպագուների շրջանում բազմաթիվ քննարկումներ առաջացրել: Դերասանն անմիջապես պարզաբանել է իր խոսքերը:
«Որքան գիտեմ՝ ես գեյ չեմ: Գուցե ավելի ուշ հասկանամ, դա հրաշալի կլինի: Քանի որ կկարողանամ ուսումնասիրել նաեւ մեդալի այդ կողմը: Բայց հիմա վստահ եմ իմ սեռական կողմնորոշման հարցում, ինչը նույնպես հրաշալի է»,- ասել է դերասանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականից Էնդրյուն հանդիպում էր «Նոր Սարդ-մարդը» ֆիլմից զուգընկերուհու՝ Էմմա Սթոունի հետ: 2015 թվականին զույգը բաժանվեց:



© NEWS.am STYLE