«Գահերի խաղի» նոր սեզոնի նախաշեմին. «Սերսեյ Լանիսթերը» The Edit-ին պատմել է սեքսիզմի մասին

12:43   7 հուլիսի, 2017

Հուլիսի 16-ին բոլորը, ովքեր NEWS.am STYLE-ի նման անհամբերությամբ սպասում են «Գահերի խաղի» նոր սեզոնին, վերջապես կտեսնեն սերիալի 7-րդ սեզոնի առաջին մասը:

Նոր սեզոնին ընդառաջ՝ The Edit պարբերականը զրուցել է Սերսեյ Լանիսթերի դերակատար Լինա Հիդիի հետ:

Հատկանշական է, որ 43-ամյա բրիտանուհու հետ զրուցել է սերիալում Արիա Սթարքին մարմնավոորող Մեյսի Ուիլյամսը:

Հիդին խոսել է մասնագիտության մեջ սեքսիզմի եւ այլ հարցերի շուրջ:
«Դերասանուհին ստիպված է յոթ անգամ ասել, մինչեւ նրան կլսեն, իսկ դերասանի տեսակետն ընկալում են առաջին իսկ խոսքից: Տղամարդը կարող է վերաձեւակերպել քո միտքը, եւ այն որպես հրաշալի գաղափար կընկալեն, իսկ նրա գործընկերուհին միայն կարձանագրի. «Ես 19 անգամ նույն բանն ասացի, բայց դու ինձ չէիր լսում»,- ասել է դերասանուհին:

«Ես երջանիկ եմ, որ ավելի մեծ եմ ու մարմնավորում եմ կանանց, որոնք չպետք է գեղեցիկ լինեն: Կողմնակի ճնշումները, որ նախկինում զգում էի, անցել են: Դերասանները կարող են իրենց թույլ տալ «հետաքրքիր» լինել, իսկ դերասանուհիներից գեղեցկություն եւ սլացիկ կազմվածք են ակնկալում: Այս ճնշումը մշտապես զգացել եմ»:

«Ես երեխա ունեցա ու սկսեցի նկարահանվել «Գահերի խաղում»: Որոշ ողբերգական տեսարաններ այդ պատճառով էին ինձ վրա սարսափելի ազդում:

Ես հետծննդաբերական դեպրեսիա ունեի, որի մասին այն ժամանակ չէի կասկածում: Մի անգամ բժշկի գնացի ու լաց եղա: Նա պատմեց իմ վիճակի մասին»,- հիշել է դերասանուհին:

Աղբյուրը՝ net-a-porter.com



© NEWS.am STYLE