17-ամյա դերասանուհի Սեդա Շահնազարյանը՝ նոր սերիալի եւ հանգիստը սիրելիի հետ անցկացնելու մասին

13:10   8 հուլիսի, 2017

Երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանը, որին հայ հեռուստադիտողը ճանաչեց «Ուրիշի հոգին» հեռուստասերիալից հետո, շուտով էկրաններին կհայտնվի նոր նախագծով: Այս մասին դերասանուհին առաջինը հայտնեց NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատմեց, թե ինչով էր զբաղված հեռուստասերիալի ավարտից հետո եւ ինչպես է պատրաստվում անցկացնել ամառային հանգիստը:

««Ուրիշի հոգին» նախագծից հետո ես ոչ միայն ճանաչվեցի, այլեւ կարող եմ ասել, որ սիրվեցի, քանի որ երկար ժամանակ է անցել սերիալի ավարտից հետո, բայց հեռուստադիտողը դեռ ակտիվ հետեւում է իմ կյանքին: Ավարտից հետո դադար վերցրեցի, քանի որ պատրաստվում էի ընդունելության քննություններիս»,-ասում է Սեդան, որն արդեն Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Ռեժիսուրա» ֆակուլտետի ուսանողուհի է:

«Այժմ կա իմ մասնակցությամբ նոր նախագիծ, սակայն դեռ չեմ ուզում մանրամասնել դրա մասին: Այն եթերում կլինի օգոստոս ամսից, այնպես որ՝ շուտով ինձ կրկին կտեսնեք էկրաններին»,-նշեց նա՝ հավելելով. «Նոր դերն ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ հենց իմ տարիքի աղջկա եմ մարմնավորելու, որն ինձ նման սիրում է սոցիալական կայքերը եւ սիրում է նկարվել: Այս հերոսուհու կերպարը տարբերվում է «Ուրիշի հոգին» սերիալի իմ հերոսուհու՝ Էմիլիի կերպարից: Այս աղջիկն ավելի հասուն է, նա ունի բնավորություն, գիտի՝ ում հետ ինչպես պետք է խոսել, իսկ Էմիլին փոքրիկ, միամիտ եւ անպաշտպան աղջիկ էր: Չեմ կարող բացել շատ փակագծեր, բայց ասեմ, որ սերիալում նկարահանվում են արդեն իսկ սիրված ու շատ տաղանդավոր դերասաններ, որոնց հետ չէի պատկերացնի, որ մի օր կաշխատեմ»:

Վերջերս սկսնակ դերասանուհին Instagram-ի իր էջում մի տեսանյութ էր տեղադրել, որում դիմահարդարման օրինակ է ցուցադրում: Սեդայից հետաքրքրվեցինք՝ արդյոք ապագայում կզբաղվի՞ նաեւ դիմահարդարի մասնագիտութհյամբ.

«Այո, շատ հնարավոր է: Դեռ իմ ծրագրերում նման բան չկա, առայժմ այն իմ հոբբին է: Ինձ շատ է դուր գալիս գեղեցկացնել ու լինել գեղեցիկ»,-պատասխանեց նա:

Սեդայի հետ խոսեցինք նաեւ ամառային հանգստի մասին.

«Ցավոք, դեռ չեմ գնացել հանգստի, բայց այս տարի հանգիստն ինձ համար շատ սպասված է. նախ՝ քննությունների պատճառով շատ եմ տանջվել, եւ երկրորդ՝ հանգստի եմ գնալու ընկերոջս հետ: Միասին գնալու ենք Վրաստան եւ ինձ համար երազանք դարձած Արցախ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սեդայի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE