«Ես չեմ քնում այն բոլոր կանանց հետ, որոնց հետ ինձ տեսնում եք». Ռինգո Սթարը դարձավ 77 տարեկան

19:25   7 հուլիսի, 2017

Այսօր՝ հուլիսի 7-ին, ծննդյան 77-մյակն է նշում բրիտանացի հայտնի երաժիշտ, The Beatles խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը:

Քչերին է հայտնի, բայց Ռինգոն առողջական խնդիրներ ունեցող երեխա է եղել: Այդ պատճառով նա հաճախ էր բացակայում դասերից: Ռինգոյին այդպես էլ չի հաջողվում ավարտել դպրոցը:

Երաժշտությամբ նա սկսել է հետաքրքրվել 15 տարեկանում, սակայն այդ շրջանում նա չէր երազում երաժիշտ դառնալու մասին:

1962 թ-ին Ռինգոն համալրում է հանրահայտ The Beatles խմբի կազմը՝ հանդես գալով որպես թմբկահար: The Beatles-ի մասին պատմող բոլոր ֆիլմերում Ռինգոյին գլխավոր դերերն էին վստահում, քանի որ շատերի կարծիքով՝ նա մյուս երաժիշտներից առանձնանում էր իր դերասանական տաղանդով:

1968 թ-ին Ռինգո Սթարի եւ Փոլ ՄաքՔարթնիի միջեւ վիճաբանություն է սկսվում: Աշխատանքային պրոցեսի ընթացքում Փոլը Ռինգոյին «պարզունակ թմբկահար» է անվանում, որից հետո Սթարը ժամանակավորապես լքում է խմբի կազմն ու զբաղվում դերասանական կարիերայով: Ավելի ուշ երաժիշտը սկսում է իր անհատական կարիերան:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռինգո Սթարի մեջբերումներից մի քանիսը.

«Ես զգում եմ՝ որքան մեծանում եմ, այնքան ավելի հեշտ եմ հաղթահարում կյանքի փորձությունները: Կյանքի առավելությունը ինքդ քեզ գտնելու մեջ է»:

«Թմրանյութն ու ալկոհոլն, ի վերջո, զրկում են մարդուն բոլոր զգացմունքներից»:

«Ես ինձ առաջին հերթին թմբկահար եմ համարում, հետո՝ այլ բաներ: Բայց երաժշտությամբ չեմ զբաղվում գումար վաստակելու համար»:

«Ես ոչինչ չեմ սովորել: Ես բեմի վրա եմ դարձել թմբկահար՝ սովորելով իմ սեփական սխալներից»:

«Ուզում եմ կյանքս ավարտել հիշարժան ձեւով»:

«Կանայք իմ կյանքում շատ կարեւոր տեղ են զբաղեցնում: Նրանք ինձ ուղղակի խենթացնում են»:

«Ես չեմ քնում այն բոլոր կանանց հետ, որոնց հետ ինձ տեսնում եք»:

«Ես իմ մասին երբեք երրորդ դեմքով չեմ խոսում, եւ ինձ համար ծիծաղելի են այն բոլորր մարդիկ, որոնք այդպես են անում»:

«Ես չեմ պահում հիշողություններ, ես դրանք միշտ բաց եմ թողել, բայց ո՞վ գիտեր, որ դրանք մի օր անհրաժեշտ են դառնալու»:

«The Beatles-ի կազմում իմ ելույթը կարճ էր, բայց դա իմ կյանքի լավագույն շրջանն էր»:



© NEWS.am STYLE