Երեւանյան էսքիզներ. «Մայր Հայաստան» հուշարձան. հայացք ներսից

21:10   8 հուլիսի, 2017

Այն անմիջապես կտեսնես Մաշտոցի պողոտայով Երեւան մտնելիս: Ողիղ նրա առանցքով, Քանաքեռի սարահարթի եզրաշերտի վրա է խոյանում վեհապանծ հուշարձանը, որը հայտնի է որպես «Մայր Հայաստան»: Սակայն միշտ չէ այսպես եղել: Հուշարձանի կենսագրությունը սկսվում է 1945 թվականին, երբ Երեւանում, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Հաղթական կամարի նախագծի բաց մրցույթ հայտարարվեց: Մրցույթում հաղթեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագիծը:

Սակայն որոշելու համար, թե հուշարձանն ինչպիսին պետք է լինի, հաղթողը ստիպված եղավ հետագայում աշխատել: Հաղթական կամարի գաղափարից ստիպված էին հրաժարվել: Տասնյակ էսքիզներ արվեցին` թանգարանի նման շենք` «ժողովուրդների հոր» արձանով պսակված, վեհակերտ սյուներ, պատվանդաններ: Կլոր, աստիճանավոր, գագաթին աստղով, թուր բռնած արծիվով, առանց թրի արծիվով…

Եվ վերջապես` քանդակագործ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ստալինի 17-մետրանոց քանդակով պատվանդան: Էսքիզներում երեւում է, որ արձանի մատույցը նախատեսվում էր անմիջաբար պողոտայից, որն այդ ժամանակ նրա անունն էր կրում:
Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1950 թվականի նոյեմբերի 29-ին` ժողովրդի հոծ կուտակմամբ: 1951 թվականին հեղինակներին Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ շնորհվեց:

Այս տեսքով հուշարձանը կանգուն մնաց մինչեւ 1962 թվականը, երբ մի գիշեր Ստալինի քանդակը պատվանդանից ցած գցվեց եւ ոչնչացվեց: Մի քանի տարի պատվանդանը դատարկ էր: Արա Հարությունյանի 22-մետրանոց «Մայր Հայաստան» քանդակը դրվեց 1967 թվականին, պատվանդանը վերակառուցելով` ոտքերի մոտ վահանը դնելու համար:

Հուշարձանի շուրջը պտտվելով` նկատելի է, թե ինչպիսի ուշադրություն է դարձվել, թվում է, այնպիսի մանրուքներին, ինչպիսին են ջրատարները, զորքերի տեսակների խորհրդանիշները, աստիճանների դեկորատիվ ճաղաշարերը: Սակայն իսկական ճարտարապետությունը միայն ճակատամասով չի սահմանափակվում: 20-րդ դարի հայտնի ճարտարապետ Լե Կորբյուզեն ասում էր, որ ճարտարապետությունը ճիշտ կազմակերպված տարածություն է: Եվ զարմանալի կլիներ, եթե դա չհասկանար այն մասշտաբի ստեղծագործողը, ինչպիսին Ռաֆո Իսրայելյանն էր: Պատվանդանի մեջ հայտնվելով զարմանահրաշ գեղեցկության ճակատամուտքով` Ա.Նարգիզյանի դրվագազարդ 19 վարդակաքանդակներով եւ պղնձե դրվագված դռնով, ճարտարապետի վարպետությամբ ոչ պակաս հիացմունքով ես համակվում: Հուշարձանի խիստ արտաքին տեսքից հետո ինտերիերը կատարված է զուսպ, գեղեցիկ գունային գամայով:

Ընդարձակ նախասրահ` տրամախաչվող կամարներով, որ հիշեցնում են հայկական եկեղեցիների գավիթները: Դրանց լուսաշերտում երեւում է պտուտակաձեւ սանդուղքը, որը վեր է տանում: Դիտելով առաջին հարկի էքսպոզիցիան եւ սանդուղքով բարձրանալով` հայտնվում ենք ասուլիսային դահլիճում:

20 մետրանոց ութանիստ դահլիճում զարմանալիորեն լուսավոր է: Գմբեթի տակ երկու շերտով պատուհանները, որոնք դրսից չենք տեսնում, շենքը լուսավորում են ցերեկվա լույսով: Պատերի բաց գույնի քարը տոնի զգացողութուն է առաջացնում: 16 կամարները կենտրոն են բարձրանում` գնդաձեւ թաղ առաջացնելով:

Պտուտակաձեւ սանդուղքն ավելի վեր է տանում` այնտեղ, որտեղ դահլիճը գոտեւորում է շրջանաձեւ պատկերասրահը: Յուրաքանչյուր հարթակից երեւում է 20 մետր լայնությամբ դահլիճը, որից անջրպետում են թրերի տեսքով բազրիքները:

Ահա եւ պատկերասրահը, որի գեղեցիկ ցանցկեն բազրիքները, պատերի կամարաշարքի հետ միասին, լրացնում են այս զարմանահրաշ կառույցի բոլոր տարրերի համամասնության եւ համաչափության պատկերը: Այստեղից դահլիճը կարելի է տեսնել իր ամբողջ շքեղությամբ:

Ավելի վեր միայն «Մայր Հայաստան» հուշարձանն է:

Իր գործընկեր Յուրի Յարալովին հղած նամակներից մեկում Ռաֆո Իսրայելյանը գրում է. «Այսօր իմ ամբողջ կյանքը համակված է հուշարձանի կառուցմամբ: Ամեն օր կառույցի մոտ եմ գնում` անկախ ցանկացած եղանակից: Նույնիսկ հիմա, երբ այնտեղ ձյուն ու սառույց է, ամեն օր առանց վախենալու բարձրանում եմ այդ ուղղաբերձ լանջով»:
Ստալինյան մրցանակից բացի, Ճարտարապետների համամիութենական ստուգատեսի ժամանակ հրաշալի ճարտարապետը հուշարձանի համար նաեւ առաջին մրցանակի է արժանացել:


Պավել Ջհանգիրով



© NEWS.am STYLE