Քրիստինե Եղոյանը, Կարեն Ասլանյանը, Շուշան Երիցյանն ու այլք՝ «Դեպի երազանք» նախագծում

15:08   8 հուլիսի, 2017

Հուլիսի 31-ին «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կմեկնարկի նոր հեռուստանախագիծ, որը կոչվում է «Դեպի երազանք»: Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նախագծի շուրջ աշխատել է 7-8 տարի առաջ, սակայն միայն վերջերս է որոշել այն կյանքի կոչել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մենչը պատմեց, թե ինչու են ֆիլմի աշխատանքները ձգձգվել եւ ինչով է պայմանավորված գլխավոր հերոսների ընտրությունը.

«Կոնկրետ պատճառ չկա, թե ինչու չէի իրականացնում այս նախագիծը, երեւի ուղղակի դեռ ժամանակը չէր: Նաեւ չէի գտնում գլխավոր հերոսուհուն: Երբ գտա նրան, կապվեցի սցենարիստ Արփի Վանյանի հետ, եւ ստեղծվեց այս ֆիլմը: Հերոսուհու հիմքում ոչ մեկին նկատի չենք ունեցել, կերպարը հավաքական է»,-ասում է Արմենը:

Ի դեպ, ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս սերիալներից հայտնի դերասաններ Քրիստինե Եղոյանն ու Կարեն Ասլանյանը:

«Ես եւ ռեժիսոր Կարեն Ամյանը հենց նրանց տեսանք մեր պատկերացրած կերպարների դերերում»,-նշեց պրոդյուսերը՝ հավելելով որ սերիալը բաղկացած կլինի 25 մասից: Բացի Քրիստինեից եւ Կարենից՝ ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի նաեւ Շուշան Երիցյանին, Յուլիա Ֆինկին, Ծովինար Մարտիրոսյանին եւ այլ հայտնի դեմքերի:

Ինչ վերաբերում է «Ֆուլ Հաուս» սիթքոմին, ապա երկրպագուների համար պետք է, որ արդեն գաղտնիք չլինի, որ սիրված սիթքոմի նոր՝ 7-րդ եթերաշրջանը կմեկնարկի հոկտեմբեր ամսից:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE