«Հաճախ կրկնօրինակումը շփոթում են թրենդի հետ». Արմինե Մարտիրոսյանն` իր զգեստի շուրջ ստեղծված սկանդալի մասին

11:05   8 հուլիսի, 2017

«Զգեստները միմյանց նման չեն՝ ոչ գույնով, ոչ ձեւվածքով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով համացանցում տարածված այն գրառմանը, թե իբր իր եւ դիզայներ Դիանա Ամբարձումյանի զգեստները միմյանց կրկնօրինակն են, նշեց դիզայներ Արմինե Մարտիրոսյանը:

«Երբ զգեստի համար նախատեսված կտորը գնել էինք, լրիվ այլ բան պետք է ստանայինք, սակայն հետո մանեկենի վրա այն հավաքեցինք, եւ ստացանք այն, ինչ ստացանք»,-ասում է Արմինեն՝ հավելելով, որ տվյալ զգեստը կարվել է հունվար ամսին եւ մինչ օրս բազմաթիվ պատվերներ են ունենում:

Արմինեն  նշում է, որ իրեն հաճախ են ուղարկում տարբեր լուսանկարներ՝ ցուցադրելով, որ իր աշխատանքները կրկնօրինակում են.

«Ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին, քանի որ հիմա մեր քաղաքում ատելիեները շատացել են, եւ յուրաքանչյուր դերձակ կարող է լավ, թե վատ կրկնօրինակել դիզայների աշխատանքը: Ամեն դեպքում, չեմ ընդունում, երբ դիզայներից կրկնօրինակած զգեստի տակ գրվում է կրկնօրինակող դիզայների անունը, իբրեւ թե դա իր մտահղացումն է: Հայ եւ, առհասարակ, համաշխարհային նորաձեւության մեջ շատ են լինում կրկնօրինակման դեպքեր, դրա համար փորձում եմ լուրջ չվերաբերվել այդ ամենին: Հաճախ էլ կրկնօրինակումը շփոթում են թրենդի հետ, քանի որ ամեն սեզոն ունի իր թրենդը, եւ բոլոր դիզայներներն էլ օգտվում են այդ թրենդից»,-եզրափակեց Արմինեն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE