Եթե տղամարդը չի ուզում լուրջ հարաբերություններ

21:09   9 օգոստոսի, 2017

Եթե տղամարդը չի ուզում լուրջ հարաբերություններ, ապա նրան կմատնեն հետեւյալ «ախտանիշները»:

Նա չի օգտագործում «մենք» դերանունը

Խոսքն առաջին հերթին է մատնում տղամարդուն։ Նրանք կարողանում են ստել, նրանք կարողանում են առասպելներ հորինել ու ոչ մի անգամ չմատնել իրենց՝ մանրուքների անհամապատասխանությամբ, բայց հենց սովորական, ամենօրյա խոսակցություններն են նրանց մատնում։ Նա, իհարկե, կօգտագործի «մենք» դերանունը, քանի որ առանց դրա հնարավոր չէ, բայց բացառապես մոտ ապագայի մասին խոսելիս։ «Մենք վաղը գնում ենք կինո»։ Բայց երբեք չի ասի «Երբ մենք գնանք ծով, մենք...», «Երբ»-ով սկսվող նախադասություններում երբեք «մենք» չի լինի։

Նա քեզ լուրջ հարցեր չի տալիս

Նրան չեն հետաքրքրում քո ընտանիքը, քո նախասիրությունները, քո ընկերները ու քո ապրումները։ Նա խոսում է միայն այն մասին, ինչ տեղի է ունենում տվյալ պահին երկուսիդ հետ։ Նա կարող է քեզ հետ քննարկել ֆիլմը, որը հենց նոր եք դիտել, բայց երբեք չի հարցնի, թե ով է քո սիրելի ռեժիսորն ու ինչու։ Եթե ինքդ խոսակցություն սկսես այն մասին, ինչը քեզ է մտահոգում, նա ընդամենը կձեւացնի, թե կարեկցում է, բայց երբեք չի հետաքրքրվի քո խնդրով։ Այսինքն կկարեկցի, բայց որեւէ օգնություն չի առաջարկի։

Նա քեզ չի օգնում «որպես տղամարդ»

Ուզենք, թե չուզենք, բայց որոշ կենցաղային մանր գործեր, այնուամենայնիվ, բաժանվում են կանացի ու տղամարդկանց գործերի։ Եթե քեզ օգնություն է պետք տոնական ընթրիք պատրաստելու հարցում ՝ դու ամենայն հավանականությամբ ընկերուհուդ կկանչես, իսկ եթե ջրի ծորակը պայթել է կամ էլ գաջետն անսարքություն ունի, ամենայն հավանականությամբ դու տղամարդուց օգնություն կխնդրես։ Դե ուրեմն իմացեք, որ այդ տղամարդը ձեզ կմերժի։ Ընդ որում ամենատրամաբանական ձեւակերպումով՝ կասի, որ այդ գործերից ոչինչ չի հասկանում, ավելի լավ է մասնագետի դիմել։ Բայց լուրջ հարաբերությունների մտադրություն ունեցող տղամարդն ուզում է իր կողքի կնոջը ցույց տալ, որ նա ամեն ինչում կարող է ապավինել իրեն, նույնիսկ եթե հարցում հմուտ չէ։ Դրա համար էլ նա կվերցնի գործիքը ու կփորձի սարքել ծորակը, մինչեւ նրանցից մեկնումեկը «կկոտրվի»՝ կամ նա, կամ ծորակը։ Տղամարդը, ով լուրջ մտադրություններ չունի, բոլորովին չի հետաքրքրվի այդ խնդիրներով։ Նա մտադիր չէ քեզ ցույց տալ, որ ինքն ամենահուսալի ու ամենակարող տղամարդ է։

Նա քեզ այնպիսի նվերներ է մատուցում, որոնք կարելի է նվիրել ցանկացած այլ աղջկա

Ծաղիկներ, կոնֆետներ, կոսմետիկա։ Այն ամենը, ինչ կարելի է նվիրել ցանկացած աղջկա, ցանկացած պահի։ Այսինքն քո անձի հանդեպ ոչ մի հետաքրքրություն։ Հասկանալի է, որ հարաբերությունների սկզբում դժվար է կռահել, թե ինչը քեզ կհիացնի, քանի որ մենք, աղջիկներս, շատ տարբեր ենք։ Մեկին զմրուխտե զարդեր են դուր գալիս, մյուսին՝ պարաշյուտից ցատկերի տոմսեր։ Բայց սիրահարված տղամարդը կարող է հիշել քո սիրելի հեղինակին, քո սիրելի օծանելիքը, կամ էլ գոնե քո նախընտրած կոնֆետները։ Բայց խոսքը միայն սիրահարված տղամարդու մասին է։ Իսկ այս մեկը կբերի կաթնային շոկոլադ ու վարդեր։ Քանի որ այդպես էր հարմար։

Նյութը՝ Cosmo



© NEWS.am STYLE