Մշակույթի նախարարն ու հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Հայկոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսին (ֆոտոռեպորտաժ)

10:30   9 հուլիսի, 2017

Երեկ՝ հուլիսի 8-ին, Երեւանի ժամանցային կենտրոններից մեկում կայացավ Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի շնորհանդեսը: Երգիչն իր նոր երգը հեղինակել է Ավետ Բարսեղյանի հետ միասին, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

«Երգը նվիրված է մեր քաղաքին: Երեւանի մասին շատ տեսահոլովակներ են նկարահանվել, բայց մենք ցանկանում էինք, որ այս մեկը օրիգինալ լիներ: Երկար փուլեր անցնելուց հետո ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը պատմեց մի միտք, որը շատ օրիգինալ թվաց: Երբ ստեղծագործական թիմի հետ դիտեցինք տեսահոլովակը, հասկացանք, որ պետք է հենց քաղաքի կենտրոնում կազմակերպենք գեղեցիկ շնորհանդես»,-նշեց Հայկոն՝ հավելելով. «Ապրելով սոցիալական կայքերի կյանքով՝ հասկանում ես, որ մեր քաղաքը PR-ի կարիք ունի, եւ զբոսաշրջիկներին գրավելու համար մեր արվեստագետները պետք է գեղեցիկ քայլեր անեն, որպեսզի մեր քաղաքը հյուրերի համար դառնա հետաքրքիր»:

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ նախագծի գերնպատակն այն է, որ յուրաքանչյուր հայ Երեւանը ներդաշնակությամբ ընդունի.

«Քաղաքին, ինձ թվում է, շատ մեծ սերն է պակասում: Տեսահոլովակում չկա նոր տեխնոլոգիա, կա նոր գաղափար. փորձել ենք Հայկոյի ներաշխարհը միքսել Երեւանի հետ: Ինձ թվում է՝ յուրաքանչյուրը, ով Երեւանն այլ աչքերով էր տեսնում, տեսահոլովակից հետո, միգուցե, փոխի իր կարծիքը: Այս տեսահոլովակն, ըստ իս, կտարբերվի իր գաղափարով, տեսակով, գույներով, ձեւով եւ մոտեցմամբ»,-նշեց նա:

Հայկոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին ոչ միայն նրա ընկերներն ու շոու-բիզնեսի կոլեգաները, այլեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով.

 «Հայկոն շատ օրիգինալ երգիչ է եւ ստեղծագործող, նրա բոլոր ստեղծագործություններն են տարբերվում, միանգամից մնում են մարդու սրտի մեջ եւ կամրջում են մեր հիշողությունները՝ անցյալից դեպի ապագա: Տեսահոլովակի հետ կապված՝ հաճելիորեն զարմացած եմ  երիտասարդ ռեժիսորի աշխատանքով: Մեր տեսահոլովակային արվեստում սա լրիվ նոր խոսք էր: Կարծում եմ՝ պետք է մտածենք ոչ միայն Երեւանի, այլեւ մեր մյուս քաղաքների մասին էլ շատ երգեր ստեղծել, որովհետեւ Վանաձորը, Գյումրին, Արտաշատը, Գորիսը ոչնչով չպետք է տարբերվեն»:

Ի դեպ, Հայկոյի անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին: Երգիչը հայտարարեց, որ սեպտեմբերի 8-ին պատրաստվում է մենահամերգով ներկայանալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայկոյի մենահամերգը կկրի «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը:

Երգչի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE